medroom.am

Սեռական թուլության (իմպոտենցիա) առաջացման պատճառները

Որն է սեռական թուլության սահմանումը ?

Սեռական թուլություն է համարվում բավարարված սեռական հարաբերության համար անհրաժեշտ էրեկցիայի առաջացման և պահպանման անկարողությունը, որը կրում է մշտական բնույթ:

Այն տարածված խնդիր է, որը հանդիպում է 30 – 80 տ հասակի տղամարդկանց 19.2% - ի մոտ, և տարիքը ավելանալով (30 -ից մինչև 80 տ) կարող է հանդիպել մինչև 53.4% - ի մոտ: Սեռական թուլությունը կարող է բացասաբար ազդել մարմնական և հոգեբանական առողջության վրա: Այն կարող է նաև լինել սրտի անոթների և զարկերակային հիվանդությունների վաղ դրսևորման ձև:

Որոնք են սեռական թուլության առաջացման պատճառները ?

Անոթային ծագման սեռական թուլություն՝

Առաջացման պատճառներն են. Վնասակար սովորությունները (ծխախոտի, թմրանյութերի օգտագործում), ֆիզիկական մարզումների բացակայություն, ճարպակալում, սիրտ – անոթային համակարգի հիվանդություններ (զարկերակային գերճնշում, կոռոնար զարկերակների հիվանդություն, ծայրամասային անոթային հիվանդություններ և այլն), շաքարային դիաբետ, հիպերլիպիդէմիա, մետաբոլիկ համախտանիշ, կոնքի ծավալուն վիրահատական միջամտություններ (արմատական պրոստատէկտոմիա), կոնքի կամ հետորովայնամզային տարածության ճառագայթային բուժում:

Անոթային ծագման սեռական թուլության ժամանակ մոտակա 5 - 15 տարիների ընթացքում հիվանդների 80% - ի մոտ կարող են զարգանալ սիրտ - անոթային համակարգի սուր հիվանդություններ:

Նյարդային ծագման սեռական թուլություն՝

Առաջացման պատճառներն են. Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ, ողնաշարի տրավմա կամ հիվանդություններ, ինսուլտ, գլխուղեղի ուռուցք, շաքարային դիաբետ, քրոնիկ երիկամային անբավարարություն, քրոնիկ լյարդային անբավարարություն, կոնքի ծավալուն վիրահատություններ, կոնքի կամ հետորովայնամզային տարածության ճառագայթում, որոշ դեպքերում միզուկի վիրահտություններից հետո և այլն:

Կառուցվածքային ծագման սեռական թուլություն՝

Առաջացման պատճառներն են. հիպոսպադիա, էպիսպադիա, միկրոպենիս, ֆիմոզ, Պեյրոնիի հիվանդություն, առնանդամի քաղցկեղ …:

Հորմոնալ ծագման սեռական թուլություն՝

Առաջացման պատճառներն են. Շաքարային դիաբետ, մետաբոլիկ համախտանիշ, հիպոգոնադիզմ, հիպերպրոլակտինէմիա, հիպեր կամ հիպոթիրեոզ, հիպեր կամ հիպոկորտիզոլիզմ (Կուշինգի համախտանիշ), այլ էնդոկրին խանգարումներ:

Դեղորայք միջնորդված սեռական թուլություն՝

Առաջացման պատճառներն են. Հակագերճնշումային դեորայք (թիազիդային միզամուղներ, բետա - պաշարիչներ), հակադեպրեսանտներ, հակափսիխոտիկներ, հակաանդրոգեններ, ցիտոտոքսիկ դեղեր, օպիատներ և այլն:

Վերոնշյալ դեղերը կարող են բերել սեռական թուլության ինչպես անմիջական ազդեցությանմբ, այնպես էլ երկրորդային մեխանիզմներով ազդելով սեռական հարաբերության տարբեր օղակների վրա, որոնցից են սեռական ցանկությունը, գրգռման գործընթացը և օրգազմը:

Փսիխոգեն սեռական թուլություն՝

Գեներալիզացված ենթատեսակ – ցանկության նվազում:

Իրավիճակային ենթատեսակ – կախված է զուգընկերուհուց և հանգամանքներից:

Տրավմատիկ սեռական թուլություն՝

Առնանդամի տրավմա

Կոնքի տրավմա

Ինչպես տեսնում ենք սեռական թուլության առաջացման պատճառները բազմազան են, և որոշ դեպքերում պատճառները մի քանիսն են: Հետևաբար սեռական թուլությամբ տառապող հիվանդների ախտորոշման համար պետք է լինում բազմակողմանի մոտեցում:

Սեռական թուլության բուժման ժամանակակից եղանակները ներկայացված են հետևյալ հոդվածում:

սեռական թուլություն
10064 դիտում
525