medroom.am

Երիկամի քարերի առաջացման վտանգի գործոնները

Երիկամի քարերի առաջացմանը նպաստող գործոնները բաժանվուն են 4 խմբի՝

Ոչ դիետիկ, դիետիկ, միզային և անատոմիական:

Երիկամի քարերի առաջացման ոչ դիետիկ գործոններ 

- Երիկամի քարերի առաջացման ժառանգական գործոն:

երիկամների քարերի առաջացման հավանականությունը կրկնակի ավելի է, եթե ընտանիքում եղել է միզաքարային հիվանդությամբ հիվանդ: Բացի ժառանգական գործոնից այստեղ կարող է մեծ դեր խաղալ նաև մինևնույն կենսակերպը, բնակվելու աշխարհագրական դիրքը, սննդակարգը: Տիպիկ ժառանգաբար փոխանցվող հիվանդության օրինակ է Ցիստինուրիան, Դենտի հիվանդությունը: 

- Երիկամի քարերի առաջացման էթնիկ/ռասսայական գործոն

Պարզվել է, որ արևմտյան Հնդկաստանի, արևմտյան Ասիայի, Լատինական Ամերիկայի բնակիչների ինչպես նաև արաբների մոտ միզաքարային հիվանդությունը ավելի հաճախ է հանդիպում Եվրոպայի բնակիչների համեմատ: Իսկ Աֆրիկյան բնակչության մոտ միզաքարային հիվանդության դեպքերը քիչ են: 

- Համակարգային գործոնների ազդեցությունը երիկամների քարերի առաջացման վրա:

Ապացուցված է, որ հիպերպարաթիրոիդիզմի (հարվահանաձև գեղի գերֆունկցիա), երիկամային տուբուլյար ացիդոզի, Կռոնի հիվանդության ժամանակ առավել հաճախ են հանդիպում երիկամներում քարերի առաջացման դեպքեր:

Ճարպակալումը, շաքարային դիաբետը, մետաբոլիկ սինդրոմը, Պոդագրան (հոդատապ) նույնպես ավելացնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը: Այս դեպքում մեզի մեջ ավելանում է օքսալատների քանակը և նվազում է մեզի թթվայնությունը, որը կարող է բերել երիկամներում կալցիումի օքսալատային և ուրատային (միզաթթվային) քարերի առաջացման:

30 – ից ավել մարմին զանգված ինդեսով տղամարդկանց մոտ 30% - ով ավելանում է միզաքարային հիվանդության հավանականությունը իսկ նույն ցուցանիշով կանանց մոտ երիկամներում քարերի առաջացման հավանականությունը կրկնակի անգամ է ավելանում:

Անկախ սննդակարգից, մարմին զանգված ինդեքսից Պոդագրայի ժամանակ 50% - ով ավելանում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը, իսկ շաքարային դիաբետի ժամանակ 30%-ով: 

- Միզային ինֆեկցիաների դերը երիկամների քարերի առաջացման վրա:

Միզուղիներում կարող են բնակվել պաթոգեն կամ պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմներ, որոնք նպաստում են երիկամներում քարերի առաջացմանը: Օրինակ Ուրեապլազմայի հարուցիչը պարունակում է ուրեազա ֆերմենտ, որի ազդեցության տակ միզանյութը տրոհվում է ամոնիակի: Արդյունքում բարձրանում է մեզի pH – ը և ամոնիակի ազդեցության տակ վնասվում է միզուղիների լորձաթաղանթը: Արդյունքում բարենպաստ պայմաններ է ստեղծվում ստրուվիտայի ինֆեկցիոն քարերի առաջացման համար: Ուրեապլազմայի հարուցիչները շարունակում են բնակվել նաև քարերի բաղադրության մեջ, որը իրենց պաշտպանում է հակատիբիոտիկների ազդեցությունից:

- Շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը երիկամների քարերի առաջացման վրա:

Աշխատանքի կամ բնակության շոգ պայմանները և հեղուկի ընդունման սակավ հնարավորությունը նպաստում է խիտ մեզի առաջացման և երիկամի քարերի գոյացման: 

Երիկամի քարերի առաջացման դիետիկ գործոններ

Սննդակարգում կալցիումի, մագնեզիումի, օքսալատի, նատրիումի, կալիումի, կենդանական սպիտակուցի, ֆրուկտոզայի, սախարոզայի փոփոխությունները կարող են բերել մեզի բաղադրության փոփոխության և հետևաբար նաև ազդել երիկամներում քարերի գոյացման վրա: 

Կալցիումի բավարար քանակությամբ ընդունումը սննդի միջոցով նվազեցնում է միզաքարային հիվանդության առաջացման հավանականությունը, քանի որ նվազեցնում է մեզի հետ օքսալատների դուրս բերումը: Իսկ հավելումների միջոցով կալցիումի ընդունումը ընդհակառակը ավելացնում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը: 

Օքսալատը երիկամներում քարերի առաջացման կարևոր ռիսկի գործոն է, սակայն սննդակարգի մեջ վերջինիս քանակությունը ապացուցված չէ, թե ինչպես է ազդում քարերի գոյացման վրա: Սննդի միջոցով մենք ստանում ենք օքսալատի 10 – 50% - ը, մնացածը սինթեզվում է օրգանիզմում գլիցինի, գլիկոլատի, հիդրօսիպրոլինի և վիտամին C – ի նյութափոխանակության արդյունքում: Աղիներից օքսալատի ներծծման վրա ազդում են կալցիումի քանակությունը, ժառանգական գործոնը, բակտերիալ ֆլորան՝ մասնավորապես Oxalobacter Formigenes բակտերիան, որի սակավ քանակությունը նպաստում է երիկամներում քարերի առաջացման:

Սննդի այլ բաղադրիչների դերը երիկամների քարերի առաջացման գործընթացում:

Կենդանական սպիտակուցի մեծ քանակությամբ ընդունումը ավելացնում է մեզի մեջ կալցիումի քանակը և նվազեցնում է ցիտրատի քանակը նպաստելով երիկամի քարերի առաջացման:

Կալիումի ավելացումը սննդակարգում նվազեցնում է միզային քարերի առաջացումը, որը հավանաբար պայմանավորված է մեզի հետ կալցիումի դուրս բերման նվազեցումով և ցիտրատի մակարդակի ավելացումով:

Նատրիումի, ֆրուկտոզայի և սախարոզայի (շաքարի) ավելացումը սննդակարգում նպաստում է մեզի հետ կալցիումի դուրս բերման ավելցմանը:

Ֆիտինային թթուն, որը գտնվում է հացահատիկազգիների և լոբազգիների կազմում, նվազեցնում է կալցիումի օքսալատների բյուրեղների առաջացումը:

Մագնեզիումը ավելացումը սննդակարգում նվազեցնում է երիկամի քարերի առաջացման վտանգը տղամարդկանց մոտ:

Վիտամին C – ի օրական ընդունումը 1000մգ – ից ավելի 40% - ով ավելացնում է երիկամներում կալցիումի օքսալատային քարերի առաջացման վտանգը: Սակայն սննդատեսակները, որոնք պարունակում են վիտամին C նաև հարուստ են կալիումի պարունակությամբ, որը նվազեցնում է երիկամներում քարերի առաջացման վտանգը: Այսպիսով կալցիումի օքսալատային քարերով հիվանդները պետք է խուսափեն հավելումների միջոցով վիտամին C – ի ընդունումից:

Վիտամին B6 – ը ավելացումը սննդի ռացիոնում նվազեցնում է երիկամներում քարերի առաջացման վտանգը կանանց մոտ: 

Հեղուկների ընդունման ազդեցությունը երիկամի քարերի առաջացման վրա:

Եթե օրվա ընթացքում ընդունած հեղուկի քանակը քիչ է 1 լիտրից, ապա երիկամներում քարերի առաջացման հավանականությունը բավականին բարձր է:

Սուրճը, թեյը, գարեջուրը և գինին նվազեցնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը:

Կաթի ընդունումը նվազեցնում է երիկամներում կալցիումական քարերի առաջացման հավանականությունը: 

Երիկամի քարերի առաջացման միզային գործոններ

Կարոր նշանակություն ունի ոչ միայն մեզի քանակությունը 1 օրվա ընթացքում, այլ նաև միզաքարային հիվանդության առաջացման առումով մեզի խտությունը՝ բաղադրիչների կոնցենտրացիան: 

Հիպերկալցիուրիա (կալցիումի քանակության ավելացում մեզի մեջ) – տղամարդկանց մոտ >= 300մգ/օրը, կանանց մոտ >= 250մգ/օրը: Կալցիումական քարերով հիվանդների մինչև 40% - ի մոտ մեզի մեջ կալցիումի մակարդակը բարձր է:

Հիպերօքսալուրիա (օքսալատի քանակության ավելացում մեզի մեջ) - >= 45մգ/օրը. Էապես ազդում է երիկամներում օքսալատային քարերի առաջացման վրա:

Հիպոցիտրատուրիա (ցիտրատի մակարդակի նվազումը մեզի մեջ) - <= 320մգ/օրը ավելացնում է երիկամներում քարերի առաջացման ռիսկը մինչև 11% - ով: 

Երիկամի քարերի առաջացման անատոմիական գործոններ

Միզաքարային հիվանդության առաջացմանը նաև նպաստում են բնածին կամ հիվանդությունների, տրավմաների, վիրահատությունների արդյունքում առաջացած կառուցվածքային շեղումները, որոնք խանգարում են վերին կամ ստորին միզուղիներից մեզի արտահոսքը և առաջացնելով մեզի կանգ նպաստում են երիկամներում քարերի առաջացմանը: Օր. ավազան – միզածորանային սեգմենտի նեղացումը, որը բնածին պաթոլոգիա է և որի դեպքում երիկամի լայնացած ավազանը նպաստում է քարերի առաջացմանը: Կամ օրինակ շագանակագեղձի ադենոման, որը կարող է բերել դժվարամիզության և միզելուց հետո մնացորդային մեզի առկայության. նպաստում է միզապարկի քարերի առաջացմանը: 

Երիկամի քարեր
3921 դիտում
146