medroom.am
Ոչ դասական սեռական հարաբերությունների (օրալ, անալ) տարածումը վերջին տասնամյակներում բերել է մի շարք խնդիրների՝ այդ թվում սեռավարակների փոխացման օրալ կամ անալ ճանապարհով:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ օրալ սեռական հարաբերությունների մեծ մասը կատարվում են առանց պաշտպանվելու միջոցների՝ ենթադրելով, որ օրալ սեռական հարաբերությունը ապահով է: Ըստ որոշ հեղինակների չվնասված լորձաթաղանթը ունի պաշտպանական մեխանիզմներ սեռավարակների փոխանցումը կանխելու առումով:
Բերանում սեռավարակի առկայության ժամանակ կարող են դիտվել մի շարք գանգատներ՝
- Ցավ
- Չորության զգացում
- Խոսքի խանգարում
Սակայն մեծամասամբ բերանի լորձաթաղանթում առկա սեռավարակները գանգատներ չեն առաջացնում:
Ի՞նչ սեռավարակներ կարող են փոխանցվել օրալ սեռական հարաբերության ժամանակ:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ օրալ սեռական հարաբերության ժամանակ կարող են փոխանցվել մի շարք սեռավարակներ՝ մարդու պապիլոմավիրուս, միզասեռական հերպես, սիֆիլիս, գոնորեա, վեներական լիմֆոգրանուլոմա և այլն:
Օրալ սեռական հարաբերություն և մարդու պապիլոմավիրուս:
Մարդու պապիլոմավիրուսը դասվում է ամենատարածված սեռավարակներին շարքին: Օրալ սեռական հարաբությունը առաջին պատճառն է, որը նպաստում է պապիլոմավիրուսի անցմանը դեպի բերանի խառոչ: Պապիլոմավիրուսը բերանի լորձաթաղանթում կարող է ունենալ մի շարք դրսևորումներ՝
- Սկվամոզ պապիլոմա
- Կոնդիլոմաներ
- Սկվամոզ - բջջային կարցինոմա
Օրալ սեռական հարաբերությամբ փոխանցվում են մեծամասամբ պապիլոմավիրուսի HPV – 6 և HPV – 11 տեսակները, որոնք առաջացնում են բարորակ նորագոյացություններ: Հազվադեպ հայտնաբերվել են նաև HPV – 16, 18, 31, 33 տարատեսակները, որոնք կարող են առաջացնել արգանդի վզիկի, անալ շրջանի, առնանդամի կամ ընպանի քաղցկեղ
Թեև օրալ սեռական հարաբերությունը պապիլոմավիրուսի դեպի բերանի խոռոչ անցման առաջին պատճառն է, այնուամենայնիվ կարող են տեղի ունենալ ինքնափոխանցման դեպքեր:
Բերանի լորձաթաղանթում պապիլոմավիրուսի առկայությունը հաճախ դիտվում է ՄԻԱՎ վարակով հիվանդների մոտ:
Օրալ սեռական հարաբերություն և Հերպեսի վիրուս:
Առկա են հասարակ հերպեսի վիրուսի երկու տարատեսակներ՝ HSV – 1 և HSV – 2: Երկուսն էլ կարող են փոխանցվել օրալ սեռական հարաբերության ժամանակ: Հերպեսի վիրուսը օրգանիզմ ներթափանցելուց հետո կարող է պահպանվել զգայական հանգույցներում, ողջ կյանքի ընթացքում և ակտիվանալ ու դրսևորվել տարբեր պատճառներից՝ Օր. Ստրես, իմունային համակարգի ընկճում: Հերպեսի HSV – 1 ենթատեսակը առավել հաճախ ախտահարում է շրթունքների շրջանը, սակայն 50% դեպքերում կարող է օրալ սեռական հարաբերության ժամանակ փոխանցվել սեռական օրգաններ: HSV – 2 ենթատեսակը մեծամասամբ ախտահարում է սեռական օրգանները:
Օրալ սեռական հարաբերության արդյունքում, երբ վիրուսը թափանցում է բերանի խոռոչ, կարող է առաջացնել բերանի լորձաթաղանթի, լնդերի, նշիկների և ըմպանի բորբոքում:
Օրալ սեռական հարաբերություն և Կոնտագիոզ (հպավարակիչ) Մոլյուսկ:
Կոնտագիոզ մոլյուսկը պատկանում է պոքսվիրուսների ընտանիքին: Այն կարող է անցնել բերանի խոռոչ ինչպես ինքնավարակման, այնպես էլ օրալ սեռական հարաբերության արդյունքում: Կոնտագիոզ մոլյուսկը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ և ախտահարում է շրթունքներին կից հատվածները բնորոշ մաշկային գույնի հանգույցների ձևով:
Օրալ սեռական հարաբերություն և ՄԻԱՎ վարակ:
Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, միևնույն ասեղով թմրամիջոցների ներարկումների միջոցով, հիվանդի արյան հետ շփման ժամանակ: Թեև օրալ սեռական հարաբերության ժամանակ ՄԻԱՎ վարակի փոխանցման հավանականությունը նվազ է, սակայն նման դեպքեր նկարագրվել են:
Օրալ սեռական հարաբերություն և սիֆիլիս:
Սիֆիլիսի հարուցիչը Treponema pallidum - ն է, որը գերազանցապես փոխանցվում է սեռական ճանապարհով: Օրգանիզմ մուտք գործելիս, այդ հատվածում առաջացնում է կարծր շանկր (առաջնային սիֆիլիս)՝ ներհրված խոցային մակերեսը, որը ցավոտ չէ: Վերջինս տևում է 3 – 6 շաբաթ և այդ փուլում խիստ վարակիչ է: 40 – 70% դեպքերում սիֆիլիսի հարուցիչը փոխանցվում է օրալ սեռական ճանապարհով:
Երկրորդային կամ երրորդային սիֆիլիսի փուլում բերանի խոռոչում դրսևորումները կապված չեն օրալ սեռական հարաբերության արդյունքում տարածման հետ:
Օրալ սեռական հարաբերություն և խլամիդիա:
Խլամիդիայի հարուցիչը Chlamydia trachomatis դասվում է ամենատարածված սեռավարակների շարքին: Օրալ սեռական հարաբերության ժամանակ այն նույնպես կարող է փոխանվել: Բերանի խոռոչում այն կարող է պահպանվել առանց գանգատների, կամ հազվադեպ դրսևորվել բերանի չորությամն կամ չափավոր բորբոքման տեսքով: Խլամիդիայի հարուցիչը օրալ հարաբերության արդյունքում անցնելով ստամոքս – աղիքային տրակտ կարող է գաղութներ առաջացնել աղիներում և բերել քրոնիկ կոնային ցավերի:
Օրալ սեռական հարաբերություն և գոնորեա:
Գոնորեայի հարուցիչը Neisseria gonnoroeae – ն է, որը առավել հաճախ առաջացնում է միզուկի, հեշտոցի և ուղիղ աղու բորբոքում: Օրալ սեռական հարաբերության ժամանակ գոնորեայի հարուցիչը անցնելով բերանի խոռոչ կուտակվում է բերանի և ըմպանի փոփոխական էպիթելում: Մեծամասամբ ընթանում է առանց դրսևորումների, սակայն մինչև 15% դեպքերում կարող է առաջացնել լորձաթաղանթի բորբոքում:
Օրալ սեռական հարաբերություն և Candida սնկեր:
Վուլվովագինալ կանդիդոզով կանանց մոտ մեծամասամբ հայտնաբերվում է Candida albicans տեսակը: Այն սեռական օրգանների շրջանում և բերանի խոռոչում հաճախ հանդիպում է շաքարային դիաբետով հիվանդների, իմունային համակարգի ճնշման, հակաբիոտիկների և կորտիկոստերոիդների ընդունման ժամանակ: Candida սնկերը նույնպես կարող են փոխանցվել օրալ սեռական հարաբերության ժամանակ: Կուննիլինգուսի հետևանքով հեշտոցում սկերի առաջացումը բացի օրալ ճանապարհով փոխանցումից բացատրվում է նաև այն հանգամանքով, որ թուքը ունի բակտերիցիդ ազդեցություն: Արդյունքում հեշտոցի միկրոֆլորան խանգարվում է և սնկերը սկսում են ակտիվանալ:
Օրալ սեռական հարաբության միջոցով կարող են փոխանցվել նաև մի շարք այլ վիրուսներ, բակտերիաներ, սնկեր, նախակենդանիներ և հելմինթներ:
Հետևաբար այն միֆը, որ օրալ սեռական հարաբերությունը ապահով է՝ վաղուց հերքվել է: