medroom.am

Սուր շնչառական վարակներ և ցիստիտ

Ինչպես հայտնի է, շնչուղիների վիրուսային հիվանդությունները ունեն սեզոնային ակտիվացում՝ աշնան և գարնան ամիսներին: Շնչուղիների ախտահարումից բացի վիրուսները որոշ դեպքերում բերում են միզուղիների ախտահարման ցիստիտի ձևով:

Հարբուխի (Գրիպի) A և առավել քիչ հանդիպող B տեսակները բացի շնչուղիների և ականջ-քիթ-կոկորդ ախտահարումներից կարող են առաջացնել նաև նյարդային, ոսկրամկանային համակարգի ախտահարումներ: Նաև նպաստում են միզուղիների ինֆեկցիաների զարգացմանը գրամ – դրական բակտերիաների միջնորդությամբ:

Ապացուցվել է, որ Covid – 19 վարակով հիվանդացածների մոտ սուր շնչական ախտանիշների վերացումից անց, մոտակա ամիսներին կարող է զարգանալ կամ սրանալ միզային ինֆեկցիան: Ազդեցության մեխանիզմներից մեկը անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ընկալիչների պաշարումն է, որոնց մինչև 2,5% - ը գտնվում են միզապարկում: Ազդեցության մեխանիզմներից մյուսը անմիջական լորձաթաղանթի կազմափոխումն է և նախաբորբոքային միջնորդանյութերի գերարտադրությունը:

Այս հիվանդների 70% - ի մոտ զարգանում է առաջնային ցիստիտ, իսկ 30% դեպքերում քրոնիկական ցիստիտի սրացում:

Արյունամիզություն առաջացնող վիրուսներն են ադենովիրուսը, հարբուխի վիրուսները և BK վիրուսը:

Սկզբնական փուլում ցիստիտը պայմանավորված է լինում վիրուսների միջոցով միզապարկի պատի ախտահարումով: Սակայն աստիճանաբար բարենպաստ պայմաններ են ստեղծվում բակտերիաների համար, և միզապարկի բորբոքմանը միանում և առավել ակտիվացնում են բակտերիաները:

Ի՞նչ գանգատներ կարող են դիտվել ցիստիտի ժամանակ:

Սուր շնչական վիրուսային ինֆեկցիաների ընթացքում կամ մոտակա ամիսներին հիվանդների մոտ կարող են դիտվել ցիստիտին բնորոշ հետևյալ գանգատները՝

- Հաճախամիզություն

- Միզելու ժամանակ այրոցի զգացողություն

- Մեզի շիթի թուլացում

- Արյունամիզություն

- Դող

- Սարսուռ

- Երբեմն ջերմության բարձրացում

Ինչպե՞ս է ախտորոշվում ցիստիտը:

Ցիստիտի ժամանակ հիվանդները արդեն ունենալով վերոնշյալ գանգատները ենթադրում են, որ իրենց մոտ առկա է ցիստիտ:

Անհրաժեշտ հետազոտություններից են՝

Մեզի ընդհանուր անալիզ – ցիստիտի ժամանակ դիտվում է լեյկոցիտների քանակի ավելացում, էրիթրոցիտների քանակի ավելացում:

Մեզի բակտերիոլոգիական քննություն – եթե մեզի ընդհանուր անալիզով առկա են վերոնշյալ շեղումները, ապա մեզի բակ քննությամբ հնարավոր է լինում հայտնաբերել բակտերիաներ և հակաբիոտիկների զգայունությունը այդ հարուցիչների նկատմամբ:

Գերձայնային հետազոտություն – այս հետազոտության միջոցով մեծամասամբ կարողանում ենք տարբերակել ցիստիտը միզապարկի ուռուցքային ախտահարումից, քանի որ միզապարկի քաղցկեղի դեպքում հաճախ դիտվում են ցիստիտին բնորոշ գանգատներ:

Ուրոֆլոումետրիա – այս հետազոտության միջոցով հասկանում ենք արդյո՞ք հիվանդի մոտ առկա են նախատրամադրող գործոններ միզային ինֆեկցիայի զարգացման համար՝ մեզի շիթի թուլացում, միզարձակումից հետո մնացորդային մեզի առկայություն:

Ինչպե՞ս է բուժվում ցիստիտը, որը զարգացել է սուր շնչառական վարակի հետ համատեղ:

Սուր շնչառական վարակի բուժմանը զուգահեռ կատարվում է ցիստիտի բուժում:

Ցիստիտի բուժման հիմնական եղանակը հակաբիոտիկներով մեզի մեջ հայտնաբերված բակտերիաների վերացումն է: Խորհուրդ է տրվում ընդունել մեծ քանակությամբ հեղուկներ:

Բուժումից երկու շաբաթ անց վերստուգվում է մեզի բակ անալիզը, և եթե անհրաժեշտություն է լինում, ապա բուժումը շարունակվում է՝ մինչև մաքրված մեզի պատասխանը:

Եթե ուրոֆլոումետրիկ հետազոտությամբ հայտնաբերվում է միզարձակման վատացում, ապա նշանակվում է նաև միզարձակումը բարելավող դեղամիջոցներ: Սուր ցիստիտի վերացումից հետո կատարվում է կրկնակի ուրոֆլոումետրիա, և, եթե մեզի շիթը դժվարացած է, ապա առաջարկվում է կատարելու միզապարկի վզիկի էնդոսկոպիկ հատում՝ միզարձակումը բարելավելու նպատակով:

Սուր ցիստիտի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով:

Սուր շնչառական վարակ և ցիստիտ
1097 դիտում
208