medroom.am
Պարաֆիմոզ առաջանում է, եթե ծայրային թլիպը (առնանդամի գլխիկը ծածկող մաշկ) ետ է քաշվում և հնարավոր չի լինում նորից բերել առաջ: Այս իրավիճակում առնանդամի գլխիկը սեղմվում է նեղացած ծայրային թլիպով, որը բերում է առնանդամի գլխիկի արյունահոսքի վատացման և այտուցվածության: Եթե բժշկական միջամտությամբ խնդրին լուծում չի տրվում ապա առնանդամի գլխիկի այտուցը ավելանում է և սնուցումը ավելի է խանգարվում, որը կարող է առաջացնել լուրջ բարդություններ: Պարաֆիմոզը դիտվում է չթլպատված տղամարդկանց մոտ:
Պարաֆիմոզը չպետք է խառնել Ֆիմոզի հետ: Պարաֆիմոզը անհետաձգելի ուրոլոգիական խնդիր է, որի դեպքում պետք է շտապ դիմել բժշկի:
Ինչ գանգատներ են ունենում հիվանդները պարաֆիմոզի ժամանակ ?
Պարամիֆոզի ժամանակ հիվանդը գանագտվում է ծայրային թլիպի իր նորմալ դիրքին բերելու անկարողությունից, առնանդամի գլխիկի այտուցվածությունից, ցավոտությունից: Առնանդամի գլխիկի գույնը կարող է փոխվել մուգ կարմրավուն կամ կապտավուն երանգի, քանի որ արյան շրջանառությունը խանգարվում է:
Որոնք են պարաֆիմոզի առաջացման պատճառները ?
Պարաֆիմոզը մեծամասամբ առաջանում է, եթե ծայրային թլիպը ետ է քաշվում և երկար ժամանակ մնում է այդ դիրքում:
Պարաֆիմոզի առաջացմանը նպաստում են հետևյալ գործոնները՝
Ծայրային թլիպի նեղացում (ֆիմոզ)
Առնանդամի գլխիկի և թլիպի բորբոքում (բալանոպոստիտ)
Առնանդամի տրավմա
Ինչպես ախտորոշել պարաֆիմոզը ?
Պարաֆիմոզը ախտորոշելու համար անհրաժեշտ է մարմնի զննում, որի ժամանակ կարելի է տեսնել ծայրային թլիպով առնանդամի վզիկի սեղմում, այտուցվածություն:
Ինչ բարդությունների կարող է հանգեցնել պարաֆիմոզը ?
Ինֆեկցիոն բորբոքային բարդություններ
Առնանդամի գլխիկի վնասում
Առնանդամի գանգրենա
Ինչպես է բուժվում պարաֆիմոզը ?
Պարաֆիմոզի կասկածի դեպքում պետք է անհապաղ դիմել ուրոլոգի:
Այս դեպքում հնարավոր է կատարվեն հետևյալ միջամտությունները՝
Առնանդամի գլխիկի մշակում հակաբակտերիալ քսուկով և ներուղղման փորձ:
Սառցեպարկերի տեղադրում առնանդամի շուրջը այտուցը նվազեցնելու համար:
Առնանդամի սեղմող էլաստիկ բինտավորում այտուցը նվազեցնելու նպատակով:
Այս գործողություններից հետո ներուղղման կրկնակի փորձ:
Եթե վերոնշյալ գործողությունները արդյունքի չեն բերում, ապա հնարավոր է կարիք լինի վիրահատական միջամտության՝
Ծայրային թլիպի հատում, առնանդամի գլխիկի ներուղղում, և թլիպի կարում:
Թլպատում, որը կկանխի հետագա պարաֆիմոզների առաջացումը:
Ինչպես կանխել պարաֆիմոզի առաջացումը ?
Ծայրային թլիպը ետ քաշելուց հետո միշտ բերել իր նորմալ դիրքին:
Ետ քաշած դիրքում երկար չթողնել:
Հետևել հիգիենայի կանոններին – օրը գոնե մեկ անգամ ընդունել լոգանք, որի ժամանակ լվանալ նաև առնանդամի գլխիկը:
Առնանդամի գլխիկի կամ ծայրային թլիպի բորբոքման դեպքերում դիմել բժշկի: