medroom.am

Շագանակագեղձ. կառուցվածքը և դերը

Շագանակագեղձը շագանականման կառուցվածք ունեցող տղամարդու օրգան է, որի միջին չափերը կազմում են՝ լայնական՝ 4 սմ, երկայնական` 3 սմ և առաջահետին՝ 2 սմ: Շագանակագեղձը լատիներեն կոչվում է պրոստատ – prostat (pro – առջևում, stat - տեղակայված), որը նշանակում է միզապարկի առջևում տեղակայված: Շագանակագեղձը նաև համարվում է ՚՚տղամարդու երկրորդ սիրտը՚՚:

Կանանց մոտ շագանակագեղձի անալոգը Սկենեի գեղձերն են:

Շագանակագեղձի հիմքը միացած է միզապարկին, իսկ գագաթը միանում է միզասեռական ստոծանուն ձևավորելով միջածիգ զոլավոր մկաններ: Շագանակագեղձի միջով անցնում է միզուկը:

Շագանակագեղձը արտաքինից պատված է փակեղով, որը կազմում է ներկոնքային փակեղի մաս: Շագանակագեղձը ցայլքին ֆիքսված է պուբոպրոստատիկ կապանով, որոնց միջև, խորքում անցնում է դորզալ երակային համակարգը: Շագանակագեղձից կողմնայնորեն անցնում են կավեռնոզ ներվերը, որոնք պատասխանատու են սեռական ակտիվության համար: 

Շագանակագեղձը պայմանականորեն բաժանվում է 3 զոնաների՝

- Տրանզիտոր, որը կազմում է ընդհանուրի 5 – 10% - ը: Այս զոնայում է մեծամասմաբ առաջանում շագանակագեղձի ադենոման (բարորակ գերաճը):

- Կենտրոնական, որը ձգվում է միզապարկի վզիկից և շրջապատում է սերմնաթմբիկը, կազմում է շագանակագեղձի 25% - ը:

- Պերիֆերիկ, որը ծայրամասային հատվածն է և կազմում է գեղձի 70% - ը: Այս հատվածում է մեծամասամբ առաջանում շագանակագեղձի քաղցկեղը, այդ պատճառով շագանակագեղձի բիոպսիա կատարելիս հյուսվածքների մեծամասնությունը վերցվում է այս հատվածից: 

Որո՞նք են շագանակագեղձի ֆունկցիաները:

- Շագանակագեղձը մասնակցում է միզարձակման գործընթացին, քանի որ միզուկի սկզբնահատվածը անցնում է շագանակագեղձի միջով:

- Շագանակագեղձը միզապահության յոթ մեխանիզմներից մեկն է:

- Շագանակագեղձում տղամարդկանց հորմոն Տեստոստերոնը 5 ալֆա ռեդուկտազա ֆերմենտի ազդեցության տակ փոխակերպվում է դիհիդրոտեստոստերոնի, որը մոտ 20 անգամ ավելի հզոր է տեստոստերոնից և մասնակցում է երկրորդային սեռական հատկանիշների ձևավորման մեջ՝ Օր. Դեմքի մազակալում:

- Շագանակագեղձում արտադրվում է պրոստատիկ հեղուկը, որը սերմնահեղուկի բաղկացուցիչ մասն է՝ ունի սնուցող, սերմը ջրիկացնող, միկրոբներից պաշտպանող և մի շարք այլ հատկություններ: Այսպիսով շագանակագեղձը նաև մասնակցում է վերարտադրողական գործընթացին:

- Շագանակագեղձի կողմից արտադրվող հեղուկը կազմում է սերմնահեղուկի 30% - ը, 65% - ը սերմնաբշտերի հեղուկն է և միայն 5% - ը գալիս է ամորձիներից: Շագանակագեղձի հեղուկը պարունակում է ցինկ, լիմոնաթթու, մի շարք ֆերմենտներ և կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք մասնակցում են վերոնշյալ ֆունկցիաներին: Անհրաժեշտ է առանձնացնել Պրոստատ Սպեցիֆիկ Անտիգենը (հակածին) - ՊՍԱ, որը մեծ դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ:

- Շագանակագեղձը սերմնաժայթքման ժամանակ կրճատվում է և փակում է միզապարկի վզիկը: Արդյունքում սերմնահեղուկի դուրս բերման ժամանակ հնարավոր չէ կատարել միզարձակում, կամ հակառակը: 

Որո՞նք են շագանակագեղձի ամենահաճախ հանդիպող հիվանդությունները:

- Պրոստատիտ – շագանակագեղձի բորբոքում, որը բաժանվում է 4 հիմնական խմբի՝

Սուր բակտերիալ պրոստատիտ:

Քրոնիկ բակտերիալ պրոստատիտ:

Քրոնիկ կոնքային համախտանիշ:

Ասիմպտոմատիկ պրոստատիտ: 

- Շագանակագեղձի ադենոմա կամ շագանակագեղձի բարորակ գերաճ, որը մեծամասամբ սկսում է զարգանալ 45 տարեկանից հետո և կարող է բերել միզարծակման խնդիրների:

- Շագանակագեղձի քաղցկեղ, որը տարածվածությամբ գրավում է տղամարդկանց քաղցկեղային հիվանդացության երկրորդ տեղը: 

Ի՞նչ գանգատներ կարող են դիտվել շագանակագեղձի հիվանդությունների ժամանակ:

- Ցավ առնանդամի, ամորձիների կամ շեքի (հետանցքից դեպի փոշտ հատված), գոտկային, սրբանային, վերցայլային կամ աճուկային շրջանում:

- Հաճախամիզություն:

- Ցավոտ միզարձակում:

- Ցավոտ սերմնաժայթքում:

- Մեզի շիթի թուլացում:

- Միզարձակման սկզբնահատվածի ուշացում:

- Գիշերային հաճախամիզություն:

- Միզելուց հետո միզուկից կաթոցներ:

- Միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն:

- Միզելու անկարողություն կամ սուր միզակապություն:

- Արյունամիզություն՝ մեզի մեջ արյան առկայություն:

Շագանակագեղձ
2813 դիտում
297