medroom.am
Ուրեթրիտը կամ միզուկի բորբոքումը՝ միզային խողովակի բորբոքային գործընթացն է: Միզուկի բորբոքումը մեծամասամբ լինում է ինֆեկցիոն բնույթի, սակայն կարող են դիտվել նաև քիմիական նյութերի ազդեցությամբ պայմանավորված ուրեթրիտներ:
Միզուկի բորբոքման հիմնական նշաններն են՝
- Միզուկից արտադրություն, որը հաճախ դիտվում է կասկածելի սեռական հարաբերություններից հետո:
- Միզուկում մրմռոց, այրոց, ծակոց:
- Միզուկի արտաքին բացվածքի կարմրություն:
- Երբեմն ջերմության բարձրացում:
Նախկինում լայն տարածում ուներ Գոնորեայի հարուցիչով պայմանավորված ուրեթրիտը, սակայն վերջին տարիներին առավել տարածված են միզուկի ոչ գոնոկոկային բորբոքումները:
Ոչ գոնոկոկային ուրեթրիտը տղամարդկան միզուղիների հիվանդություններում ըստ տարածվածության գրավում է առաջին տեղը:
Միզուկի բորբոքումների ինֆեկցիոն պատճառները դասակարգվում են՝
- Միզուկի բակտերիալ բորբոքում:
- Միզուկի վիրուսային բորբոքում:
- Նախակենդանիներով պայմանավորված միզուկի բորբոքում:
Միզուկի բակտերիալ բորբոքում:
Խլամիդիայի հարուցիչով պայմանավորված միզուկի բորբոքում:
Խլամիդիայի հարուցիչը Chlamydia trachomatis – ն է, որը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է: Խլամիդիան միզուկի բորբոքման բակտերիաներից առավել հաճախ հանդիպողն է զարգացած երկրներում: Այն կազմում է ոչ գոնոկոկային միզուկաբորբերի 20 – 50% - ը: Խլամիդիան միզուկի բորբոքումից բացի կանանց մոտ կարող է առաջացնել արգանդի վզիկի բորբոքում, միզապարկի բորբոքում, իսկ տղամարդկանց մոտ նաև մակամորձու բորբոքում (էպիդիդիմիտ), որը կարող է բերել տղամարդային անպտղության: Հաճախ խլամիդիայով հիվանդները կարող են նույնիսկ գանգատներ չունենալ:
Միկոպլազմա և միզուկի բորբոքում:
Միկոպլազմայի տեսակներից միզուկի բորբոքում է առաջացնում Mycoplasma genitalium - ը: Միզուկի սուր բորբոքումների մինչև 17% դեպքերում հայտնաբերվում է միկոպլազմայի հարուցիչ: Բացի միզուկի բորբոքումից այն կարող է առաջացնել նաև կոնքի բորբոքային հիվանդություն, կանանց մոտ արգանդի վզիկի բորբոքում և անպտղություն:
Միկոպլազմայի Mycoplasma hominis տեսակը որպես առանձին միզուկի բորբոքման պատճառ չի դիտվում: Սակայն հայտնաբերվել են միզուկի բորբոքման դեպքեր Mycoplasma hominis – ի և այլ զուգակցված ինֆեկցիաների հետ: Ենթադրվում է, որ մեկ այլ ինֆեկցիա բորբոքելով միզուկի լորձաթաղանթը բարձրացնում է թափանցելիությունը, որից հետո բորբոքային գործընթացին միանում են նաև միկոպլազմայի հարուցիչները:
Ուրեապլազմա և միզուկի բորբոքում:
Ուրեապլազմայի Ureaplasma urealyticum տեսակը նույնպես կարող է առաջացնել միզուկի բորբոքում, և հայտնաբերվում է սուր ուրեթրիտների մինչև 26% դեպքերում: Հաստատվել է, որ ուրեապլազմայի վերոնշյալ տեսակը բացի միզուկի բորբոքումից տղամարդկանց մոտ կարող է բերել անպտղության:
Ուրեապլազմայի Ureaplasma parvum տեսակը միզուկի բորբոքում չի առաջացնում: Ապացուցվել է նաև, որ ուրեապլազմայի այս տեսակը չի ազդում տղամարդու պտղաբերության վրա:
Հեմոֆիլուս բակտերիաներ և միզուկի բորբոքում:
Հեմոֆիլուս բակտերիաներից միզուկի բորբոքում են առաջացնում Haemophylus influenzae և Haemophylus parainfluenzae ենթատեսակները: Միզուկի սուր բորբոքման դեպքերի մինչև 12% - ը պայմանավորված են վերոնշյալ հարուցիչներով: Առավել հաճախ հեմոֆիլուսի հարուցիչները փոխանցվում են օրալ սեռական հարաբերության ժամանակ: Կլինիկորեն արտահայտվում է միզուկի սուր թարախային բորբոքումով:
Գարդներելլա և միզուկի բորբոքում:
Gardnerella vaginalis – ը համարվում է բակտերիալ վագինոզի ամենատարածված պատճառը: Տղամարդկանց մոտ մինչև 37% դեպքերում գարդներելլայի հարուցիչը կարող է գանգատներ չառաջացնել: Այնուամենայնիվ միզուկի սուր բորբոքումների մինչև 14% դեպքերում հայտնաբերվում է գարդներելլայի հարուցիչ: Տղամամարդկանց մոտ գարդներելլայի հարուցիչը առավել տարածված է լինում հոմոսեքսուալների մոտ:
Վիրուսային ծագման միզուկի բորբոքում:
Ադենովիրուս և միզուկի բորբոքում:
Գրականության մեջ ադենովիրուսով պայմանավորված միզուկի բորբոքումների դեպքերը սակավ են, և կազմում են միզուկի բորբոքումների մինչև 4% - ը: Հաճախ ադենովիրուսով միզուկաբորբերը զուգակցվում են կոնյուկտիվիտով (աչքի շաղկապենու բորբոքումով): Միզուկի բորբոքման այս դեպքերը ընթանում են սուր, և մեծամասամբ առանց բուժման իքնուրույն վերանում են: Առավել հաճախ ադենովիրուսը փոխանցվում է օրալ սեռական հարաբերության միջոցով:
Հերպեսի վիրուս և միզուկի բորբոքում:
Միզուկի բորբոքում կարող են առաջացնել հերպեսի վիրուսի ինչպես I այնպես էլ II ենթատեսակները: Կլինիկորեն ընթանում են միզուկի սուր բորբոքային պատկերով, և մինչև 26% դեպքերում դիտվում է հերպեսի վիրուսին բնորոշ ցանավորում:
Նախակենդանիներով պայմանարվորված միզուկի բորբոքում:
Տրիխոմոնաս և միզուկի բորբոքում:
Տրիխոմոնիազի հարուցիչը Trichomonas vaginalis – ն է, որը առավել տարածված է զարգացող երկրներում, որտեղ կազմում է միզուկի բորբոքումների մինչև 13% - ը: Միզուկի բորբոքումը տրիխոմոնիազի ժամանակ դրսևորվում է թարախային բորբոքման տեսքով:
Սնկային ծագման միզուկի բորբոքում:
Կանդիդա և միզուկի բորբոքում:
Կանդիդա սնկերով միզուկի բորբոքումը հայտնաբերվել է առավել վաղ մյուս ծագման միզուկաբորբերի համեմատ: Այն կազմում է միզուկի բորբոքումների մինչև 0.5% - ը: Միզուկի սնկային բորբոքման ժամանակ առավել հաճախ հայտնաբերվում են զուգակցված ինֆեկցիաներ:
Իդիոպաթիկ միզուկի բորբոքում:
Այս խմբի մեջ ներառված են բոլոր այն դեպքերը, երբ որևէ հայտնի ինֆեկցիա չի հայտնաբերվում (20 – 30% դեպքերում): Այս խմբի մեջ են դասվում նաև՝
- Քիմիական ձագման – երբ քիմիական նյութերի ազդեցության տակ առաջանում է միզուկի բորբոքում:
- Ալերգիկ ծագման – երբ հիվանդի մոտ առկա է ալերգիա հիգիենիկ միջոցներից:
- Մեխանիկական ծագման – միզուկի բորբոքման պատճառը մեխանիկական վնասվածքն է: