medroom.am

Միզապարկի քարեր - ախտորոշումը և բուժումը

Միզապարկի քարերի առկայության պարագայում հիվանդների մոտ մեծամասմաբ դիտվում են որոշակի գանգատներ: 

Որո՞նք են միզապարկի քարերի առաջացրած գանգատները:

Միզապարկի քարերի առաջացրած գանգատներից առավել հաճախ հանդիպում է միզարձակության վերջում արյունամիզություն: Միաժամանակ միզապարկի քարերով հիվանդների մոտ հաճախ կարող է դիտվել ստորին միզուղիների ախտանիշներ՝ հաճախամիզություն, դժվարամիզություն, մեզի շիթի թուլացում, միզելու անզուսպ ցանկություն, երբեմն սուր միզակապություն և այլն:

Ինչպե՞ս է հիվանդի մոտ ախտորոշվում միզապարկի քարը:

Միզապարկի քարի ախտորոշման մեջ կարևոր դեր են խաղում հիվանդի գանգատները: Ախտորոշման փուլում պետք է հաշվի առնել նաև միզապարկի քարերի առաջացման պատճառները՝ արդյո՞ք կան միզապարկի քարի առաջացման նախատրամադրող գործոններ: Այս թեման մանրամասն նկարագրված է հետևյալ հոդվածում:

Ի՞նչ գործիքային հետազոտություններ են անհրաժեշտ կատարել միզապարկի քարերի ախտորոշման փուլում:

Միզուղիների սոնոգրաֆիա - միզապարկի քարի հայտնաբերման ամենապարզ և անվտանգ եղանակը գերձայնային հետազոտությունն է: Այդ ժամանակ նաև պետք է գնահատել շագանակագեղձի վիճակը:

Ուրոֆլոումետրիա – քանի որ մեզի շիթի թուլացումը և մնացորդային մեզի առկյությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում միզապարկի քարերի առաջացման համար:

Միզապարկի քարերի հեռացման կամ փշրման ի՞նչ եղանակներ կան:

Միզապարկի քարերի դեպքում կիրառվում են մի շարք բուժական մոտեցումներ, որոնցից են՝

- Միզապարկի քարերի դեղորայքային լուծում:

- Միզապարկի քարերի հեռահար հարվածալիքային քարափշրում:

- Միզապարկի քարերի միջմիզուկային կամ տրանսուրետրալ փշրում և հեռացում:

- Վերցայլային ցիստոլիտոտոմիա վիրահատության միջոցով:

- Վերցայլային ցիստոլիտոտրիպսիա վիրահատական եղանակով:

Բուժական եղանակի ընտրության վրա ազդում են մի շարք գործոններ՝

Քարի չափսը, քարերի քանակը, քարերի կարծրության աստիճանը, հիվանդի մոտ հարակից հիվանդությունների առկայությունը, միաժամանակ հիվանդի մոտ հայտնաբերված ստորին միզուղիների նեղացման առկայությունը, բուժկենտրոնում առկա սարքավորումների հագեցվածությունը և բժիշկների հմտությունը:

Միզապարկի քարերի լուծումը դեղամիջոցների օգնությամբ կարող է բերել արդյունքի սակավաթիվ դեպքերում Օր՝ ուրատային քարերի դեպքում: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս եղանակը բավականին ժամանակատար է:

Միզապարկի քարերի փշրում հեռահար հարվածալիքային եղանակով խորհուրդ է տրվում կատարել այն դեպքերում, եթե հիվանդի մոտ առկա է միզապահության արհեստական փական կամ առնանդամի էնդոպրոթեզ: Վերոնշյալ դեպքերում միզապարկի քարի էնդոսկոպիկ փշրումը կարող է վնաս հասցնել էնդոպրոթեզին կամ միզուկի արհեստական փականին: Հեռահար քարափշրումը կատարվում է միզապարկի կատետերիզացիայի և միզապարկի հեղուկով լցման պայմաններում, քանի որ ջրային միջավայրում հեռահար հարվածալիքային քարափշրումը առավել արդյունավետ է: Մյուս կողմից միզային կատետերի միջոցով հնարավոր է լինում փշրված մանր բեկորների լվացում և հեռացում:

Միզապարկի քարերի հեռացում կամ փշրում և հեռացում էնդոսկոպիկ եղանակով – վերջին տարիներին լայն տարածում են ստացել էնդոսկոպիկ միջամտությունները, որոնցից կիրառվում են՝

Ցիստոլիտոտոմիա – քարի ամբողջական հեռացում:

Ցիստոլիտոտրիպսիա – միզապարկի քարի էնդոսկոպիկ փշրում և հեռացում էներգետիկ աղբյուրների կիրառմամբ՝ լազերային, աւլտրաձայնային կամ պնևմատիկ:

Ցիստոլիտոլապաքսիա – միզապարկի քարի էնդոսկոպիկ փշրում մեխանիկական փշրող սարքի օգնությամբ:

Վերոնշյալ եղանակները խորհուրդ չեն տրվում կիրառելու, եթե հիվանդի մոտ առկա է միզուկի նեղացում:

Միզուկի ստրիկտուրային հիվանդության ժամանակ խորհուրդ է տրվում կատարելու պերկուտան քարափշրում, միզուկի վնասվածքից խուսափելու համար:

Միզապարկի քարի հեռացման բաց վիրահատական եղանակը խորհուրդ է տրվում կատարելու հազվադեպ դեպքերում, երբ հիվանդի մոտ միաժամանակ առկա է միզուկի ստրիկտուրային հիվանդություն և միկրոցիստ՝ միզապարկի փոքր ծավալ:

Եթե հիվանդի մոտ առկա է միզապարկի քար և միաժամանակ շագանակագեղձի ադենոմա, որը առաջացրել է դժվարամիզություն, ապա միայն քար փշրել և հեռացնելով հիվանդի առողջական խնդիրը չի լուծվում, քանի որ միզապարկի քարերի առաջացման դեպքերի մեծամասնությունը պայմանավորված է լինում շագանակագեղձի ադենոմայով պայմանավորված դժվարամիզությամբ: Այս դեպքերում միզապարկում կրկնակի քարերի առաջացման հավանականությունը մեծ է: Հետևաբար անհրաժեշտ է կատարել նաև շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում կամ տրանսուրետրալ ռեզեկցիա՝ ՏՈւՌ, որպեսզի վերացնել դժվարամիզությունը և չփողնել միզապարկում կրկնակի քարերի առաջացման նախատրամադրող գործոն:

Միզապարկի քարեր կամ միզապարկի քար
1276 դիտում
205