medroom.am
Պապիլոմավիրուսը պատկանում է ԴՆԹ – վիրուսների շարքին: Կենդանական աշխարհում հայտնաբերվել է պապիլոմավիրուսի 650 տեսակ, որոնցից 440 – ը հայտնաբերվել են մարդկանց մոտ: Ըստ ԴՆԹ – ի կառուցվածքի պապիլոմավիրուսները բաժանվում են 5 խմբի՝ Alpha, Beta, Gamma, Mu և Nu: Վերջին չորս խմբերին պատկանող պապիլոմավիրուսները ախտահարում են միայն մաշկը, իսկ Alpha խմբին պատկանող պապիլոմավիրուսները բացի մաշկից ախտահարում են նաև լորձաթաղանթները: Beta և Gamma խմբերին պատկանող պապիլոմավիրուսները մեծամասմաբ կլինիկորեն չեն դրսևորվում: Alpha խմբի պապիլոմավիրուսները քաղցկեղ առաջացման առումով բաժանվում են ցածր ռիսկի և բարձր ռիսկի տեսակների: Բարձր ռիսկի խմբին պատկանող պապիլոմավիրուսները կարող են առաջացնել արգանդի վզիկի սեռական օրգանների, հետանցքի, բերան – ըմպանային շրջանի քաղցկեղ:
Կանանց քաղցկեղային հիվանդությունների մինչև 8.6% - ը պայմանավորված են պապիլոմավիրուսով, իսկ տղամարդկանց մոտ մինչև 0.8% - ը:
Մարդու պապիլոմավիրուսը ամենատարածված սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսն է:
Ինչպե՞ս նվազեցնել պապիլոմավիրուսով վարակման հավանականությունը:
Պահպանակների օգտագործում – Ապացուցվել է, որ մարդու պապիլոմավիրուսով հիվանդացությունը խիստ նվազում է այն մարդկանց խմբում, ովքեր ռեգուլյար օգտագործում են պահպանակներ:
Ծխելը – Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողների մոտ ինչպես կանանց այնպես էլ տղամարդկանց, պապիլոմավիրուսով վարակման հավանականությունը ավելի բարձր է չծխողների համեմատ: Ծխելը նաև բացասաբար է ազդում պապիլոմավիրուսով հիվանդների բուժման գործընթացի վրա:
Ցիրկումցիզիա (թլպատում) – Թլպատումը նվազեցնում է պապիլոմավիրուսով վարակման հավանականությունը: Արդյունքում նվազեցնում է առնանդամի քաղցկեղի և զուգընկերուհու մոտ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Պատվաստումներ – Պապիլոմավիրուսով վարակման հավանականությունը խիստ նվազում է այն մարդկանց խմբում, ովքեր ստացել են պատվաստում պապիլոմավիրուսի դեմ: Թեպետ տղամարդկանց մոտ պապիլոմավիրուսով պայմանավորված քաղցկեղային հիվանդացությունը ցածր է, այնուամենայնիվ տղամարդիկ նույնպես պետք է պատվաստվեն, որպեսզի չլինեն կանանց հիվանդացության պատճառ:
Ի՞նչ ախտանշաններ են դիտվում պապիլոմավիրուսով հիվանդների մոտ:
Մեծամասամբ պապիլոմավիրուսը գանգատներ չի առաջացնում, սակայն որոշ դեպքերում հիվանդների մոտ կարող են դիտվել կոնդիլոմաներ (գորտնուկներ) առնանդամի, հեշտոցի և հետանցքի շրջաններում:
Պապիլոմավիրուսով հիվանդների մոտ կարող են առաջանալ նաև առնանդամի, հետանցքի, արգանդի վզիկի քաղցկեղ, գլխի և պարանոցի քաղցկեղի որոշ տեսակներ, կոկորդի քաղցկեղ:
Պապիլոմավիրուսը կարող է ազդել նաև սերմի որակի վրա և առաջացնել անպտղություն:
Ինչպե՞ս է ախտորոշվում պապիլոմավիրուսը:
Արյան հետազոտությամբ պապիլոմավիրուսը չի ախտորոշվում:
Պապիլոմավիրուսի հայտնաբերման ամենալավ եղանակը սեռական օրգանների խոզանակով վերցված քսուկի ՊՇՌ հետազոտությունն է:
Ինչպե՞ս է տեղի ունենում պապիլոմավիրուսով վարակումը:
Մեծամասմաբ պապիլոմավիրուսը տարածվում է սեռական հարաբերությունների ժամանակ՝ հեշտոցային, օրալ կամ անալ:
Այն կարող է տարածվել նաև մաշկ – մաշկ հպումով սեռական օրգանների շրջանում:
Պապիլոմավիրուսի տարածման դեպքեր են նաև հայտնաբերվել սեռական ՚՚խաղալիքների՚՚ ընդհանուր օգտագործման արդյունքում:
Ինչպե՞ս է բուժվում պապիլոմավիրուսով վարակված հիվանդը:
Պապիլոմավիրուսից ձերբազատվելու լավագույն միջոցը կանխարգելումն է, որի մասին նշված է վերևում:
Պապիլոմավիրուսի քաղցկեղ առաջացնող տեսակների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բոլոր այն շրջաններին, որտեղ հնարավոր է առաջանալ քաղցկեղային հիվանդություն և լինել բժշկի հսկողության տակ: Քաղցկեղի դեպքում կատարվում է համապատասխան վիրահատական բուժում:
Եթե պապիլոմավիրուսը առաջացրել է սեռական օրգանների հատվածի կոնդիլոմաներ (գորտնուկներ), ապա վերջիններիս հեռացման ամենաարդյունավետ եղանակը լազերային հեռացումն է:
Պապիլոմավիրուսի մնացած տեսակները հնարավոր է վերանան առանց որևէ բուժական միջամտության:
Այնուամենայնիվ խորհուրդ է տրվում իմունիտետը բարձրացնող կենսակերպ՝
- Հրաժարվել վնասակար սովորություններից:
- Զբաղվել սպորտով:
- Ընդունել վիտամիններով և սպիտակուցներով հարուստ սննդամթերք: