medroom.am

Հիդրոնեֆրոզ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում օրգանիզմում տեղի են ունենում մի շարք անատոմիական, ֆիզիոլոգիական և նյութափոխանակային փոփոխություններ: Այս փոփոխությունների մեխանիզմները հասկանալով առավել գրագետ է կատարվում հղիության վարումը: 

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում երիկամներում և միզուղիներում հղիության ընթացքում:

Պտղի զարգացմանը զուգահեռ մեծանում են ներկայացվող պահանջները մայրական օրգանիզմի հանդեպ: Երիկամները նույնպես պետք է ադապտացվեն հղիի օրգանիզմի փոփոխություններին: Քանի որ հղիության ժամանակ երիկամներով արյունահոսքը ավելանում է 40 – 65% - ով, ապա երիկամներում կծիկային ֆիլտրացիան նույնպես ավելանում է համաչափ: Կծիկային ֆիլտրացիայի ավելացմանը զուգահեռ արյան մեջ նվազում է կրեատինինի, միզանյութի և միզաթթվի մակարդակը: Երիկամների կծիկների խողովակիկներում հեղուկի հետ ներծծումը ավելանում է՝ ջրային և էլեկտրոլիտային բալանսը պահպանելու նպատակով: Բարձրանում է հակադիուրետիկ հորմոնի արտադրության խթանման շեմը՝ նվազում է ծարավի զգացողությունը և արդյունքում հղիի արյան մեջ չափավոր նվազում է նատրիումի մակարդակը:

Հղիության ընթացքում փոխվում է նաև երիկամների անատոմիան. Երիկամները կարող են մեծանալ մինչև 1 սմ: Լայնանում է նաև ավազանը և միզածորանները՝ աջ ավազանը մինչև 1,5 սմ, ձախը մինչև 0,5 սմ: Այս փոփոխությունները տեղի են ունենում հղիների 90% - ի մոտ: Այս փոփոխությունների իմացությունը օգնում է նորման տարանջատել ախտաբանական փոփոխություններից:

Ի՞նչ մեխանիզմով է առաջանում հիդրոնեֆրոզ հղիության ընթացքում:

Հղիության ժամանակ արյան մեջ ավելանում է պրոգեստերոնի, ռելաքսինի և էնդոթելինի մակարդակը, որոնք թուլացնում է հարթ մկանները: Միզածորանների և երիկամների ավազանի հարթ մկանների թուլացումը բերումը է հիդրոնեֆրոզի կամ ուրետերոհիդրոնեֆրոզի:

Մյուս կողմից հիդրոնեֆրոզի կամ ուրետերոհիդրոնեֆրոզի առաջացմանը նպաստում է նաև մեծացած արգանդի մեխանիկական ճնշումը:

Հղիության ժամանակ հիդրոնեֆրոզ կամ ուրետերոհիդրոնեֆրոզ սկսվում է զարգանալ երկրորդ ամսից և մաքսիմալ դրսևորվում է երկրորդ եռամսյակում:

Ինչու՞ է հղիության ընթացքում առավելապես դիտվում աջակողմյան հիդրոնեֆրոզ:

Աջ միզածորանը և իր ընթացքով գնացող երակները և զարկերակը գտնվում են միևնույն փակեղի մեջ, իսկ ձախը՝ առանձին են: Հետևաբար հարթ մկանների թուլանալու պարագայում, որը տեղի է ունենում պրոգեստերոնի, ռելաքսինի և էնդոթելինի ազդեցության տակ, աջից միզածորանի լայնացման դեպքում կոմպենսատոր տարածությունը նվազ է, որը արդյունքում բերում է առավել արտահատված հիդրոնեֆրոզի զարգացման:

Սովորաբար հղիության հիդրոնեֆրոզը կլինիկորեն չի արտահայտվում կամ դիտվում է գոտկատեղի ցավոտություն, եթե մեզում չկան բորբոքային փոփոխությունների նշաններ: Մեզում բակտերիաների առկայության դեպքում հղիության հիդրոնեֆրոզը կարող է բերել սուր պիելոնեֆրիտի (երիկամի բաժակ – ավազանային համակարգի սուր բորբոքում) զարգացման:

Ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ մեզի մեջ հղիության ընթացքում:

Հղիության ընթացքում երիկամների կծիկային ֆիլտրացիայի փոփոխությունները կարող են բերել մեզում մի շարք փոփոխությունների: Գլուկոզուրիան՝ մեզի մեջ շաքարի առկայությունը, հաճախ հանդիպող փոփոխություններից է: Թեև գլյուկոզուրիան հղիության ժամանակ կրում է ընդմիջվող բնույթ, այնուամենայնիվ անհրաժեշտ է խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ:

Պրոտենիուրիան (մեզի մեջ սպիտակուցների առկայություն) հղիության ընթացքում – կծիկային ֆիլտրացիայի ծանրաբեռնվածությունը հղիության ընթացքում կարող է բերել պրոտեինուրիայի և ալբումինուրիայի: Այս փոփոխությունները հիմնականում դիտվում են հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում: 1 – օրյա մեզի չափաբաժնում պրոտեինների քանակը կարող է հասնել մինչև 300մգ, իսկ ալբումիններինը՝ 30մգ:

Եթե պրոտեինուրիան հղիության ընթացքում կրում է մշտական բնույթ, ապա անհրաժեշտ է բացառել շաքարային դիաբետը, պրեէկլամպսիան կամ երիկամային հիվանդությունները, կամ կեղծ պրոտեինուրիան կապված միզային ինֆեկցիայի հետ:

Հիպերկալցիուրիա – պտղի կողմից կալցիումի պահանջը բավարարելու համար, մայրական օրգանիզմում նվազում է կալցիումի մակարդակը: Մյուս կողմից մեզի հետ ալբումինի դուրսբերումը նվազեցնում է արյան մեջ կալցիում – ալբումին միացության քանակը և մեծանում է կալցիումի արտաբերումը մեզի միջոցով: Հիպերկալցիուրիան կարող է նպաստել երիկամներում քարերի առաջացմանը:

Չնայած այս հանգամանքներին, մայրական օրգանիզմում իոնիզացված կալցիումի մակարդակը մնում է անփոփոխ:

Հեմատուրիա հղիության ժամանակ – անատոմիական փոփոխությունները հղիության ընթացքում բերում են միզապարկի կոմպրեսիայի և եռանկյունու բարձրացման և այդ հատվածի արյունահոսքի արտահայտման, որը կարող է բերել միկրոհեմատուրիայի:

Պետք է հաշվի առնել, որ հեմատուրիայի պատճառ կարող են լինել նաև մի շարք խնդիրներ՝ միզային ինֆեկցիա, միզաքարային հիվանդություն, երիկամային հիվանդություն, դեղորայք, տրավմա, ուռուցքներ և այլն:

Միկրոհեմատուրիայի պատճառ կարող են լինել նաև պրեէկլամպսիան և placenta percreta – ն (ախտաբանություն, որի ժամանակ ընկերքը արգանդի պատով աճում է դեպի հարակից օրգաններ): Պրեէկլամպսիայի ժամանակ միկրոհեմատուրիան 2 – 8 անգամ առավել է նորմալ դեպքերի համեմատ:

Ֆիզիոլոգիական հիդրոնեֆրոզ հղիության ընթացքում:

Հղիության ընթացքում հիդրոնեֆրոզի հայտնաբերման դեպքում հաճախ կատարվում է ուրոլոգի խորհրդատվություն, որի ժամանակ անհրաժեշտ է լինում տարբերակել ֆիզիոլոգիական հիդրոնեֆրոզը ախտաբանականից:

Հղիության ֆիզիոլոգիական հիդրոնեֆրոզի դեպքում հազվադեպ են դիտվում գանգատներ՝ Օր. ցավ գոտկային շրջանում: Հիդրոնեֆրոզի աստիճանը չի կորելյացվում գանգատների հետ, ինչպես նաև պտղի քաշի հետ: Սակայն բաժակների լայնացման չափը կորելյացվում է պտղի քաշի հետ:

Ֆիզիոլոգիական հիդրոնեֆրոզը հղիության ընթացքում հազվադեպ կարող է բերել բաժակի պատռվածքի և արյունամիզության:

Ինչպե՞ս է ախտորոշվում հիդրոնեֆրոզը հղիության ընթացքում:

Հղիության ընթացքում հիդրոնեֆրոզը ոչ միշտ է գանգատներ առաջացնում:

Առավել հավաստի և անվնաս հետազոտությունը, որի միջոցով կարելի է ախտորոշել հիդրոնեֆրոզը գերձայնային հետազոտությունն է:

Լրացուցիչ կատարվում են արյան և մեզի լաբորատոր հետազոտություններ, որոնց միջոցով կարելի է որոշել բարդացա՞ծ է հիդրոնեֆրոզը, թե՞ ոչ:

Ի՞նչ բուժում է կատարվում հղիության հիդրոնեֆրոզի ժամանակ:

Եթե հղիի մոտ հիդրոնեֆրոզի պատճառը միզաքարային հիվանդությունը չէ, կամ միզածորանի նեղացումը՝ ապա հղիության հիդրոնեֆրոզով բուժառուներին վարելիս անհրաժեշտ է հնարավորության դեպքում դիմել կոնսերվատիվ միջոցների՝ ցավազրկողներ, որոշակի դիրքային խորհուրդներ:

Որոշ դեպքերում կարիք է լինում նաև կատարելու միզածորանի ստենտավորում:

Որո՞նք են հղիության հիդրոնեֆրոզի ժամանակ միզածորանի ստենտավորման ցուցումները:

Հղիության հիդրոնեֆրոզի դեպքում կատարվում է միզածորանի ստենտավորում եթե՝

- Կոնսերվատիվ միջոցառումները բավարար արդյունքի չեն հանգեցնում:

- Եթե առկա է միզային ինֆեկցիայի սրացման նշաններ:

- Երիկամային անբավարարության դեպքում:

- Միզաքարային հիվանդություն, որը բերել է հիդրոնեֆրոզի:

- Ավազան միզածորանային սեգմենտի նեղացում կամ միզածորանի այլ նեղացումներ, որոնց ժամանակ դիտվում է միզային ինֆեկցիայի սրացում:

Միզածորանի ստենտավորումից հետո հնարավոր է կարիք լինի կատարելու ինֆուզիոն և հակաբակտերիալ բուժում ըստ մեզի ցանքսի տվյալների:

Հղիության հիդրոնեֆրոզի ժամանակ միզածորանի ստենտավորման ժամանակ պետք է հաշվի առնել հղիության ժամկետները: Միզածորանի ստենտերը մեծամասամբ նախատեսված են լինում մինչև 3 ամիս պահպանման համար, քանի որ մեզի մեջ գտնվող աղերը առաջացնում են ստենտի կրակալում, որը հնարավոր է խնդիրներ առաջացնել ստենտի հեռացման ժամանակ: Հղիության ընթացքում հիպերկալցիուրիայի պայմաններում ստենտի խցանման և կրակալման վտանգը մեծ է: Հետևաբար խորհուրդ է տրվում ընդունել մեծ քանակությամբ հեղուկներ: Եթե մինչ ծննդաբերության ժամկետը 3 ամսից ավելի է, ապա պետք է զգուշացնել, որ հնարավոր է ստենտը փոխելու կարիք լինի:

Հազվադեպ դեպքերում հղիության հիդրոնեֆրոզի դեպքում կատարվում է պերկուտան նեֆրոստոմիա:

Հիդրոնեֆրոզ հղիության ընթացքում
1978 դիտում
311