medroom.am

Կանանց հորմոնների դերը տղամարդկանց օրգանիզմում

17 բետա էստրադիոլը և մյուս էստրոգենները մեծ դեր են խաղում կանանց օրգանիզմում: 1960 – 70 ական թվականներին վերոնշյալ հորմոնները հայտնաբերվել են նաև տղամարդկանց մոտ: Բացի այդ հայտնաբերվել են նաև էստրոգենային ընկալիչներ տղամարդկանց մոտ հասունացման և սեռահասուն տարիքում, և ապացուցվել է նրանց դերը տղամարդկանց սեռական – վերարտադրողական համակարգի և այլ օրգան – համակարգերի ձևավորման մեջ:  

Կանանց մոտ էստրոգենների գերակշիռ մասը արտադրվում է ձվարաններում: Տղամարդկանց մոտ կանանց հորմոնների միայն 20% - ն է արտադրվում ամորձիներում, մնացած մասը՝ ճարպային հյուսվածքում, գլխուղեղում, մաշկում արոմատազա ֆերմենտի միջոցով տղամարդկանց հորմոնի՝ տեստոստերոնի փոխակերպման արդյունքում:

Կանանց հորմոնների արտադրությունը տղամարդկանց օրգանիզմում:

Պարզվել է, որ սեռահասունացման տարիքում ամորձիներում կանանց հորմոնների արտադրությունը գերազանցապես խթանվում է ֆոլիկուլոխթանիչ հորմոնի ազդեցության տակ Սերտոլիի բջիջներում, իսկ սեռահասուն տարիքում էստրոգենների արտադրությունը առավելապես պայմանավորված է Լյուտեինիզացնող հորմոնի ազդեցության տակ՝ Լեյդիգի բջիջներում: Սեռահասուն տարիքում Լեյդիգի բջիջներում արոմատազա ֆերմենտի արտադրությունը գերազանցում է Սերտոլիի բջիջների համեմատ: Արոմատազա ֆերմնտ հայտնաբերվել է նաև սպերմատոզոիդների ցողունային բջիջներում և մակամորձու հեղուկում:

Էստրոգենների ապակտիվացումը տեղի է ունենում էստրոգեն սուլֆոտրանսֆերազա ֆերմենտի ազդեցության տակ, որը արտադրվում է ամորձիներում և մակամորձիներում: Վերոնշյալ ֆերմենտի արտադրությունը կարգավորվում է տեստոստերոնի և լյուտեինիզացնող հորմոնի ազդեցության տակ: Տարիքի հետ էստրոգեն սուլֆոտրանսֆերազա ֆերմենտի մակարդակը նվազում է, որը բերում է տեստոստերոնի մակարդակի և անդրոգեն/ էստրոգեն հարաբերակցության նվազման:

Էստրոգենային ընկալիչները տղամարդկանց վերարտադրողական օրգաններում:

Տղամարդկանց օրգանիզմում կանանց հորմոնների՝ էստրոգենային ընկալիչներ հայտնաբերվել են լյարդում, մկաններում, երիկամներում, գլխուղեղի տարբեր հատվածներում՝ մասնավորապես հիպոթալամուսում:

Էստրոգենային ընկալիչներ հայտնաբերվել են նաև ամորձիներում Լեյդիգի և Սերտոլիի բջիջներում, շագանակագեղձում, միզուկում, սերմնաբշտերում, սերմնածորանում:  

Հայտնաբերվել է էստրոգենային ընկալիչների երկու խումբ ERS1 և ESR2, որոնց միջոցով կանանց հորմոնները ազդեցություն են ունենում համապատասխան օրգանների վրա:

Պարզվել է նաև, որ շրջակա միջավայրում նույնպես առկա են էստրոգեններ՝ քսենոէստրոգեններ՝ բնական կամ մարդու կողմից ստեղծված: Դրանցից են արդյունաբերական և գյուղատնտեսական պոլյուտանտներ և պեստիցիդներ, ֆարմակոլոգիական (Օր. Դիէթիլստիլբեստրոլ, էթինիլ էստրադիոլ) կամ բուսական (Օր. գենեստեին, դաիձեին): Վերոնշյալ էստրոգենները կապվելով էստրոգենային ընկալիչների հետ առաջացնում են օրգանիզմում սինթեզված էստրոգեններին բնորոշ ազդեցություններ:

Էստրոգենների անբավարարությունը տղամարդկանց մոտ:

Էստրոգենային անբավարարությունը տղամարդկանց մոտ, որը նաև ձևակերպվում է որպես արոմատազային անբավարարություն արական սեռական համակարգի ձևավորման և զարգացման վրա ազդեցություն չի ունենում: Այնուամենայնիվ արոմատազային անբավարարության ժամանակ դիտվել են հիպոսպադիայի և կրիպտօրխիզմի դեպքեր: Էստրոգենային անբավարարության ժամանակ ամորձիների չափերը մեծամասամբ նորմալ են լինում, սակայն դիտվել են նաև միկրո և մակրոօրխիդիզմի դեպքեր: Որոշ դեպքերում դիտվել են նաև սերմի որակի փոփոխություններ: Արոմատազային անբավարարությամբ տղամարդկանց մեծ մասը բարձրահասակ են, ունենում են ևնուխոիդ կազմվածք, բաց էպիֆիզ, օստեոպենիա, օստեոպորոզ, ոսկրային ցավեր: Էստրոգենների նշանակումը նպաստում է էպիֆիզի փակմանը, ոսկրերի միներալիզացիային և ոսկրային ցավերի վերացմանը:

Արոմատազային անբավարարությամբ տղաները հակված են լինում ոսկրային կոտրվածքների:

Էստրոգենային անբավարարությամբ տղամարդկանց մեծ մասի մոտ դիտվում է հիպերինսուլինէմիա, ճարպային հյուսվածքի ավելացում, ճարպային նյութափոխանակության խանգարում:

Էստրոգենային ընկալիչների անբավարարության ազդեցությունը տղամարդկանց մոտ:

Ապացուցվել է, որ էստրոգենային ընկալիչների անբավարարությունը կախված ընկալիչի տեսակից տարբեր ազդեցություն է ունենում տղամարդակնց օրգանիզմի վրա:

ERS1 ընկալիչների անբավարարության ժամանակ դիտվում է սպերմատոզոիդների կենսունակության նվազում, ազոոսպերմիա և տղամարդու անպտղություն:

ERS2 ընկալիչների անբավարարության ժամանակ ոսկրային համակարգի կողմից դիտվում է վերոնշյալ խանգարումները, գլյուկոզայի և ճարպային նյութափոխանակության խանգարում:

Ինչպե՞ս է դրսևորվում Էստրոգենների մակարդակի ավելացումը տղամարդկանց մոտ:

Արոմատազա ֆերմենտի բնածին գերակտիվությունը տղամարդկանց օրգանիզմում ավելացնում է էստրոգենների մակարդակը: Այս տղաների մոտ դիտվում է նորմալ սեռական օրիենտացիա, վաղաժամ հասունացում, գինեկոմաստիա, ամորձիների չափերը նորմայից փոքր են լինում, սերմի որակը մեծամասմաբ նորմալ է լինում: Դիտվում է հիպոգոնադոտրոպիկ հիպոգոնադիզմ: Էստրոգենների ավելացումը կարող է զուգակցվել նաև քաղցկեղային հիվանդությունների հետ՝ հեպատոցելուլյար քաղցկեղ, ամորձու և սերմնալարի քաղցկեղ:

Ի՞նչ ազդեցություն ունեն Էստրոգենները շագանակագեղձի վրա:

Շագանակագեղձի զարգացման շրջանում էստրոգենները ESR1 և ESR2 ընկալիչների միջոցով ազդում են շագանակագեղձի հյուսվածքի ձևավորման և դիֆերենցման վրա: Զարգացման շրջանում էստրոգենների քանակի ավելացումը բացասաբար է ազդում շագանակագեղձի ձևավորման վրա: Արդյունքում շագանակագեղձը լինում է թերզարգացած և փոքր չափերի: Միևնույն շրջանում էստրոգենների սակավ քանակության դեպքում շագանակագեղձը չափերով մեծանում է և առավել երիտասարդ տարիքում կարող է բերել շագանակագեղձի հետ կապված միզարձակման խանգարումների:

Հղիության ընթացքում էստրոգենների բարձր մակարդակը ավելացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Տարիքի ավելացմանը զուգահեռ ավելանում է էստրոգեն/անդրոգեն հարաբերակցությունը, որը ավելացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Պարզվել է, որ շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ շագանակագեղձի հյուսվածքում և մետաստատիկ հյուսվածքներում բարձր է արոմատազայի ակտիվությունը, որը ավելացնում է էստրոգենների մակարդակը և խորացնում քաղցկեղային գործընթացը:

Ի՞նչ մեխանիզմներով են կանանց հորմոնները ազդում տղամարդկանց ճարպային հյուսվածքի և նյութափոխանակության վրա:

Կանանց մոտ սպիտակ ճարպային հյուսվածքում առկա են ESR1 և ESR2 ընկալիչներ, որոնք մասնակցում են ճարպային հյուսվածքի հավասարակշռության պահպանմանը: Ձվարանների հեռացում կատարված կանանց մոտ էստրոգենների ցածր մակարդակի ազդեցությամբ ավելանում է սպիտակ ճարպային հյուսվածքը: Նույն կանանց էստրոգենների նշանակումը նվազեցնում է սպիտակ ճարպային հյուսվածքը:

Տղամարդկանց սպիտակ ճարպային հյուսվածքում նույնպես հայտնաբերվել են ESR1 և ESR2 ընկալիչներ, և ակնկալվում է, որ ունեն նմանատիպ ազդեցություն ինչպես կանանց մոտ: Արոմատազայի ակտիվության նվազումը բերում է ինսուլինառեզիստենտականության և ճարպակալման:

Ապացուցվել է, որ մակրոֆագերը նույնպես ունեն ESR1 ընկալիչներ, և բորբոքումը նույնպես ազդում է նյութափոխանակության, ինսուլինառեզիստենտականության վրա:

Ենթաստամոքսային գեղձի բետա բջիջներում նույնպես հայտնաբերվել են ESR1 և ESR2 ընկալիչներ: Էստրոգենների ցածր մակարդակը վերոնշյալ ընկալիչների միջոցով ազդում է ինսուլինի գենի էքսպրեսիայի, բետա բջիջներում ինսուլինի մակարդակի և դուրսբերման վրա:

Էստրոգենների ազդեցությունը ոսկրային հյուսվածքի վրա:

Ոսկրային հյուսվածքում նույնպես հայտնաբերվել են ESR1 և ESR2 էստրոգենային ընկալիչներ: Առաջինը պատասխանատու է ոսկրերի երկայնական աճի համար, իսկ երկրորդը մասնակցում է ոսկրային հյուսվածքի ձևավորմանը և միներալիզացիային:

Էստրոգենների ազդեցությունը սիրտ – անոթային համակրգի վրա:

Մինչ մենոպաուզան կանանց մոտ սիրտ – անոթային համակարգի հիվանդությունների առաջացման վտանգը ավելի նվազ է նույն տարիքի տղամարդկանց համեմատ: Սակայն մենոպաուզային հետո դիտվում է հակառակ պատկեր:

Սրտամկանում արոմատազայի ակտիվության ավելացումը ունենում է պաշտպանիչ ազդեցություն սրտամկանի վրա:

Էստրադիոլի ազդեցությունը սրտամկանի վրա նույնպես դրական է հատկապես սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ, որը պայմանավորված է հետևյալ մեխանիզմներով՝ սրտամկանում նվազեցնում է ազատ ռադիկալների մակարդակը, նվազեցնում է ներբջջային կալցիումի պահեստավորումը:

Էստրոգենների ազդեցության տակ ESR2 ընկալիչներով միջնորդված տեղի է ունենում անոթալայնիչ էֆեկտ, որը պայմանավորված է անոների էնդոթելում պրոստացիկլինի և ազոտի օքսիդի սինթեզով: Հնարավոր է, որ այդ հանգամանքով է պայմանավորված մինչ մենոպաուզալ շրջանում կանանց մոտ զարկորակային գերճնշման դեպքերի սակավ լինելը նույն տարիքի տղամարդկանղ համեմատ: Սակայն մենոպաուզայից հետո զարկերակային գերճնշման վտանգը կանանց մոտ ավելանում է:

ESR1 և ESR2 ընկալիչները անոթներում էստրադիոլի ազդեցությամբ նվազեցնում են աթերոսկլերոզի զարգացման վտանգը: Պարզվել է, որ ESR1 ընկալիչների քանակի նվազման դեպքում տղամարդկանց մոտ ավելանում է աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը:

Տեստոստերոնի ցածր մակարդակը տղամարդկանց մոտ ավելացնում է սիրտ – անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը, իսկ էստրադիոլի բարձր մակարդակը ավելացնում է սրտային հանկարծամահության դեպքերը:

Ի՞նչ ազդեցություն ունեն Էստրոգենները գլխուղեղի և վարքի վրա:

Տեստոստերոնի ազդեցությամբ գլխուղեղում ձևավորվում է տղամրադկային վարքը: Գլխուղեղում արոմատազայի ազդեցության տակ տեստոստերոնից փոխակերպված էստրադիոլը նույնպես կարևոր է տղամարդկային վարքի ձևավորման համար: Էստրադիոլը ընկճում է ԴՆԹ – մեթիլտրանսֆերազա ֆերմենտի ակտիվությունը, որը նպաստում է տղամարդկային վարքի (սեռական վարք, ագրեսիա, ձայնային, կրթական, կոգնիտիվ վարքեր) ձևավորմանը: Վերոնշյալ ֆերմենտի ակտիվության ընկճումը կանանց մոտ նույնպես խթանում է տղամարդկային վարքի փոխակերպմանը:

Ապացուցվել է, որ լիբիդոյի (սեռական ցանկության) վրա դրական է ազդում ինչպես տեստոստերոնի մակարդակը այնպես էլ էստրադիոլի մակարդակը, և կարևոր է երկուսի հարաբերակցությունը:

Տեստոստերոնի բարձր մակարդակը դրական է ազդում տղամարդու տրամադրության վրա, նմանատիպ ազդեցություն ունի նաև էստրադիոլի ազդեցությունը:

Ապացուցվել է նաև էստրոգենների դրական ազդեցությունը գլխուղեղի վնասվածքների դեպքում:

Էստրոգենները կարևոր դեր են խաղում ցիրկադային ռիթմի կարգավորիչ կենտրոնի (ցիրկադային ժամացույցի) գործունեության և դրա հետ կապված վարքի ձևավորման մեջ ինչպես տղամարդկանց այնպես էլ կանանց մոտ:

Էստրոգենների մասնակցությունը իմունային համակարրգում:

Իմունային համակարգի բջիջների մեծ մասի մոտ (B բջիջներ, CD4, CD8 բջիջներ, NK բջիջներ, դենտրիտիկ բջիջներ, մոնոցիտներ և այլն) հայտնաբերվել են ESR1 և ESR2 էստրոգենային ընկալիչներ, որը խոսում է իմունային համակարգի գործունեության մեջ էստրոգենների մասնակցության մասին:

Կանանց հորմոնների դերը տղամարդկանց օրգանիզմում
711 դիտում
10