medroom.am

Էնուրեզ (Գիշերային ակամամիզություն)

Գիշերամիզությունը կամ գիշերային ակամամիզությունը (Էնուրեզ) առավել հայտնի է որպես մանկական հասակում հանդիպող ուրոլոգիական խնդիր, սակայն գիշերամիզության դեպքերի 2 – 6% - ը հանդիպում են նաև հասուն տարիքում: Չափահասների մոտ գիշերամիզությունը հաճախ ուղեկցվում է նյարդային լարվածության և դեպրեսիայի ախտանշաններով: Բացի այդ գիշերամիզության պատճառով առաջանում են քնի խանգարումներ, տրամադրության փոփոխություններ, ցածր ինքնագնահատական, քրոնիկական հոգնածություն:

Էնուրեզի սահմանումը և դասակարգումը:

Էնուրեզը գիշերային ակամամիզությունն է քնելու ընթացքում:

Առաջնային էնուրեզը դիտվում է վաղ մանկական հասակում և կարող է շարունակվել կամ վերսկսվել դեռահաս տարիքում: Վերսկսվող կամ կրկնվող է համարվում էնուրեզը, եթե ախտանիշներ չեն դիտվել ամենաքիչը 6 ամիսների ընթացքում: Դեռահաս տարիքում մեծամասամբ դիտվում է առաջնային գիշերամիզություն: Դեռահաս տարիքում առաջնային էնուրեզը առավել արտահատված է ընթանում՝ մինչև 80% - ի մոտ դիտվում է շաբաթական նվազագույնը 3 գիշերամիզության դեպք: Առաջնային էնուրեզը դժվար է բուժման ենթարկվում և առավել հաճախ անցնում է սպոնտան: Առաջնային էնուրեզի ժամանակ կարող են դիտվել նաև ստորին միզուղիների ախտանիշներ, որոնք հանդիպում են հիպերակտիվ միզապարկի, միզապարկի վզիկի սկլերոզի, միզապարկի տարողության նվազման ժամանակ:

Երկրորդային է համարվում էնուրեզը, եթե մանկական հասակում բացակայել է:

Երկրորդային էնուրեզը առավել հաճախ հանդիպում է աղջիկների մոտ, իսկ առաջնայինը՝ տղաների: Երկրորդային գիշերամիզությունը հաճախ զուգակցված է լինում ստորին միզուղիների ախտանիշների հետ:

Առանց ցերեկային անմիզապահության երկրորդային էնուրեզը դիտվում է մինչև 0,02% դեպքերում:

Այլ կերպ երկրորդային գիշերամիզությունը դասակարգվում է նաև մոնոսիմպտոմատիկ՝ առկա է միայն էնուրեզ, և պոլիսիմպտոմատիկ՝ գիշերամիզությունը զուգակցված է ստորին միզուղիների ախտանիշների հետ:

Որո՞նք են էնուրեզի առաջացման մեխանիզմները:

Միզապարկի նորմալ ֆունկցիոնալ տարողությունը դեռահասների մոտ կազմում է 300 – 400մլ: Քնի ընթացքում, երբ միզապարկի լցվածությունը հասնում է ֆունկցիոնալ ծավալին՝ ատիպում է արթնանալ և միզարձակման համար գնալ զուգարան: Գիշերային միզարտադրության գործընթացին մասնակցում է հակադիուրետիկ հորմոնը, որը արտադրվում է հիպոթալամուսում: Հակադիուրետիկ հորմոնը ակտիվացնում է երիկամների խողովակիկներում առաջնային մեզից ջրի ռեաբսորբցիան և խթանում գիշերային մեզի խտացումը: Վերջին գործընթացի արդյունքում գիշերային մեզը խտանում է՝ ծավալի նվազման հաշվին, և հանգիստ քունը ապահովելու նպատակով թույլ չի տալիս մեզի ծավալի գերազանցումը միզապարկի ֆունկցիոնալ ծավալից: Հակադիուրետիկ հորմոնի արտադրության խանգարման ժամանակ ինչպես դեռահասների, այնպես էլ տարեցների մոտ դիտվում է մեզի գիշերային ծավալի ավելացում և գիշերային հաճախամիզություն:

Էնուրեզի առաջացման մեխանիզմը աղջիկների մոտ մեծամասամբ պայմանավորված է լինում միզապարկի տարողության նվազմամբ, իսկ տղաների մոտ գիշերային մեզի ծավալի ավելացմամբ:

Գիշերամիզության առաջացման մեխանիզմներից է նաև միզապարկի զգացողության նվազումը, միզապարկի կծկողականության թուլացումը, կոնքի հատակի մկանների թուլացումը, միզարձակումից հետո մնացորդային մեզի ավելացումը:

Էնուրեզի առաջացմանը նպաստում են նաև միզապարկում պուրինէրգիկ ընկալիչների ֆունկցիոնալ փոփոխությունները և ացետիլխոլինի գերարտադրությունը, որի արդյունքում առաջանում է հիպերակտիվ միզապարկ:  

Էնուրեզի հետ զուգակցվող խնդիրներ, վտանգի գործոններ, ախտաֆիզիոլոգիա:

Առկա են մի շարք հիվանդություններ, դեղամիջոցներ և խնդիրներ, որոնք կարող են լինել էնուրեզի առաջացման պատճառ:

Ողնաշարի վնասվածքները գիշերամիզության կարող են բերել մի քանի մեխանիզմներով՝ գիշերային մեզի ծավալի ավելացմամբ, հիպերակտիվ կամ հիպոակտիվ միզապարկի, սֆինկտերի անբավարարության դեպքերում:

Ըստ International Continence Society - ի գիշերային մեզի ծավալի ավելացում համարվում է, եթե այն գերազանցում է օրվա կտրվածքով արտադրված մեզի 20% - ը երիտասարդների մոտ և 33% - ը մեծահասակների մոտ:

Ողնաշարի վնասվաքների դեպքում գիշերային մեզի ծավալի ավելացումը պայմանավորված է երկու հիմնական մեխանիզմներով՝ հակադիուրետիկ հորմոնի մակարդակի տատանումների խանգարումներով և անոթների տոնուսի թուլացումով: Վերջինիս արդյունքում օրվա ընթացքում տեղի է ունենում հեղուկի կուտակում ստորին վերջույթներում, և այդ կուտակված հեղուկը գիշերվա ընթացքում է հեռացվում օրգանիզմից: Արդյունքում ավելանում է գիշերային մեզի ծավալը:

Նմանատիպ մեխանիզմով գիշերային մեզի ծավալը ավելանում է նաև սրտային անբավարարության ժամանակ:

Վերոնշյալ դեպքերում կարգավորելով գիշերային մեզի արտադրությունը կարելի է վերացնել էնուրեզը:

Քնի խանգարումները՝ մասնավորապես քնի օբստրուկտիվ ապնոէն նույնպես կարող է բերել էնուրեզի: Քնի օբստրուկտիվ ապնոէի ժամանակ խանգարվում են քնի փուլերը: Ներկրծքային բացասական ճնշման բարձրացման արդյունքում տեղի է ունենում նախասրտային  նատրիումուրետիկ պեպտիդի գերարտադրություն:

Մյուս հիվանդությունները որոնք կարող են բերել էնուրեզի հետևյալն են՝ քրոնիկ երիկամային անբավարարություն, ոչ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, մագաղաբջջային անեմիա, լյարդի հիվանդություններ, հոգեբանական խնդիրներ և այլն:   

Էնուրեզի զարգացման նպաստող գործոններից են նաև ծխելը, ճարպակալումը, նստակյաց կյանքը և այլն:

Էնուրեզի հետ զուգակցվող ուրոլոգիական խանգարումներ:

Էնուրեզի ժամանակ անհրաժեշտ է գնահատել բուժառուի միզարձակման սովորությունները, միզապարկի ֆունկցիոնալ վիճակը, ստորին միզուղիների ախտանիշները: Միզապարկի հիպերակտիվությունը կարող է նպաստել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային էնուրեզի զարգացմանը: Էնուրեզով հիվանդների զգալի մասի մոտ հայտնաբերվում է հիպերատիվ միզապարկի ախտանիշներ:

Ստորին միզուղիների օբստրուկցիան նույնպես կարող է նպաստել էնուրեզի զարգացմանը: Այս դեպքերում օբստրուկցիայի շտկումից հետո էնուրեզը վերանում է:

Էնուրեզ կարող է դիտվել նաև պարադոքսալ իշուրիայի ժամանակ:

Նյարդաբանական խնդիրների, քրոնիկ միզային ինֆեկցիայի և մի շարք այլ պատճառներով զարգացած միզապարկի ցածր ֆունկցիոնալ տարողությունը նույնպես կարող է նպաստել էնուրեզի առաջացմանը:

Էնուրեզի առաջացան ուրոլոգիական պատճառներից կարող է նաև լինել սֆինկտերի անբավարարությունը, որը կարող է առաջանալ միջմիզուկային և կոնքի վիրահատությունների արդյունքում, նյարդաբանական խնդիրների հետևանքով, ճառագայթման և այլն պատճառներով:

Ո՞ր դեղամիջոցների օգտագործումը կարող է բերել էնուրեզի առաջացման:

Դեղամիջոցներըկարող են նպաստել էնուրեզի առաջացման երեք մեխանիզմներով՝

- Հանգստացնող դեղամիջոցներ:

- Միզապարկի ֆունկցիայի վրա ազդող դեղամիջոցներ:

- Մեզի արտադրության վրա ազդեցություն ունեցող դեղամիջոցներ:

Հանգստացնող ազդեցություն ունեցող դեղամիջոցները էնուրեզ կարող են առաջացնել խորը քնի և միզապարկի փականի թուլացման պատճառներով: Միզամուղները նույնպես կարող են բերել էնուրեզի, հատկապես եթե հիվանդը ընդունում է երեկոյան ժամերին: Արդյունքում ավելանում է գիշերային մեզի ծավալը, և նպաստում գիշերային ակամամիզությանը:

Ինչպե՞ս է ախտորոշվում էնուրեզը:

Էնուրեզը կարող է լինել տարբեր տեսակների և ունենալ առաջացման մի քանի պատճառներ:

Էնուրեզով բուժառուների ախտորոշման առաջին փուլը հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրությունն է և մարմնական զննումը:

Կարևոր է նաև հիվանդի կողմից միզարձական օրագրի լրացումը:

Մեզի ընդհանուր քննություն – բորբոքման հայտնաբերման նպատակով:

Եթե մեզի ընդհանուր հետազոտության հայտնաբերվում է բորբոքային պատկեր, ապա նշանակվում է մեզի բակտերիոլոգիական հետազոտություն:

Ուրոֆլոումետրիա – միզարձակման գնահատում համակարգչային եղանակով և մնացորդային մեզի որոշում:

Ուրոդինամիկ հետազոտություններ – ցուցված է կատարելու այն հիվանդներին, որոնց մոտ ենթադրվում է միզապարկի հիպեր կամ հիպոտոնուս, կամ փականի հիպեր կամ հիպոտոնուս:

Միզուղիների գերձայնային հետազոտություն, միզապարկի, տղամարդկանց մոտ շագանակագեղձի գնահատման համար:

Էնուրեզի կամ գիշերային ակամամիզության բուժումը:

Էնուրեզի բուժման արդյունավետության վրա մեծ ազդեցությունը ունի ճիշտ ախտորոշումը՝ գիշերային ակամամիզության տեսակը, առաջացման պատճառները, զուգակցված հիվանդությունների առկայությունը:

Էնուրեզի բուժման առաջին գիծ:

Անկախ էնուրեզի առաջացման պատճառներից և տեսակից այս փուլում բուժառուին խորհուրդ է տրվում կատարելու վարքի և կենսակերպի փոփոխություններ: Բուժառուի կողմից ընդունվող ցանկացած դեղամիջոց (Օր. Սեդատիվ դեղամիջոցներ, միզամուղներ), որը կարող է բացասական ազդեցություն ունենալ բուժման վրա, անհրաժեշտ է դադարեցնել կամ փոխարինել մեկ այլ անվտանգ դեղամիջոցով:

Բուժառուն պետք է խուսափի քնի ընթացքի վրա ազդեցությունը ունեցող միջոցների ընդունումից՝ այդ թվում սուրճ, թեյ, ալկոհոլ:

Քանի որ ճարպակալումը և ծխելը բացասաբար են ազդում բուժման արդյունավետության վրա, ապա պետք է խորհուրդ տալ քաշի նվազեցման և ծխախոտի ընդունման դադարեցման վերաբերյալ: Վերոնշյալը ուղղված են նաև քնի օբստրուկտիվ ապնոէի վերացմանը, որը կնպաստի էնուրեզի բուժմանը:

Եթե գիշերային ակամամիզությամբ բուժառուի մոտ հայտնաբերվում է միզուղիների ինֆեկցիա, ապա կատարված մեզի բակտերիոլոգիական հետազոտության հիման վրա կատարված բուժումը դրական կանրադառնա էնուրեզի վերացման վրա:

Էնուրեզի ժամանակ խորհուրդ է տրվում քներլուց առաջ դատարկել միզապարկը և գիշերվա ընթացքում զարթուցիչի միջոցով արթնանալ և միզել: Այս եղանակը արդյունավետ է լինում մանկական հասակում իսկ մեծահասակների մոտ էնուրեզի բուժման մեջ դրական ազդեցություն չունի:

Վարքային խորհուրդներից է նաև քնից 2 ժամ առաջ դադարեցնել հեղուկների ընդունումը՝ գիշերային միզարտադրությունը նվազեցնելու նպատակով:

Էնուրեզի բուժման երկրորդ գիծ:

Էնուերզի բուժման այս փուլում պետք է բուժել բոլոր հարակից հիվանդությունները, որոնք կարող են նպաստել գիշերային ակամամիզության զարգացմանը: Դրանցից են գիշերային պոլիուրիա (մեզի ծավալի ավելացում), հիպերակտիվ կամ հիպոակտիվ միզապարկ, ստորին միզուղիների օբստրուկցիա, փականի հիպեր կամ հիպոտոնիա:

Էնուրեզի բուժման երրորդ գիծ:

Եթե էնուրեզի բուժման նախորդ միջոցառումները բավարար արդյունքի չեն հասցնում ապա նշանակվում է հակադիուրետիկ հորմոնի անալոգներ և/կամ հակախոլինէսերազային դեղամիջոցներ:

Էնուրեզ, գիշերային ակամամիզություն
1606 դիտում
18