medroom.am

Երիկամների կիստաների դասակարգումը ըստ Բոսնիակի

Երիկամների կիստաները մեծամասամբ հայտնաբերվում են պատահական, քանի որ առավել հաճախ գանգատներ չեն առաջացնում: Սակայն որոշ դեպքերում երիկամների կիստաներով հիվանդների մոտ կարող են դիտվել ցավ կամ շոշափվող գոյացություն գոտկային շրջանում, զարկերակային ճնշման բարձրացում, արյունամիզություն:

Երիկամների կիստաների ախտորոշման համար գործիքային հետազոտություններից կիրառվում են՝ գերձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրում, մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիա: 

Ինչի՞ համար է կիրառվում երիկամների կիստաների դասակարգումը ըստ Բոսնիակի:

Երիկամների կիստաների չարորակացման վտանգի գնահատման ամենալավ համակարգը Բոսնիակի դասակարգումն է:

Ըստ Բոսնիակի երիկամների կիստաները գնահատվում են՝

Բոսնիակ I երիկամի կիստաներ:

Դիտվում է հասարակ կիստա մազանման բարակ պատերով, առանց խտրոցների, ներառումների կամ կալցիֆիկատների: Կիստայի պարունակությունը ըստ Հաունսֆիլդ միավորի հավասար է ջրի խտության: Ներերակային կոնտրաստավորումից կիստան կոնտրաստ չի կուտակում: Չարորակացման վտանգը մինչև 1,7%:

Բոսնիակ II երիկամի կիստաներ:

Կիստան կարող է պարունակել մի քանի մազանման բարակ խտրոցներ կամ բարակ կալցիֆիկատի օջախներ: 3սմ – ից փոքր բարձր խտության կիստա, որը ունի հստակ եզրեր և չի կուտակում կոնտրաստ նյութ: Չարորակացման վտանգը կազմում է մինչև 18,5%:

Բոսնիակ IIF երիկամի կիստաներ:

Կիստան կարող է պարունակել բազմաթիվ մազանման բարակ խտրոցներ՝ մինիմալ հաստացումներով: Կիստայի կամ խտրոցների պատերը կարող են պարունակել կալցիֆիկացման հաստացած օջախներ: Կոնտրաստ նյութի կուտակում չի դիտվում: 3 սմ կամ ավելի, բարձր խտության կիստա, որը ունի հստակ եզրեր: Չարորակացման վտանգը կազմում է մինչև 18,5%:

Բոսնիակ III երիկամի կիստաներ:

Միջանկյալ կիստոզ զանգվածներ են՝ անկանոն հաստացած հարթ պատերով կամ խտրոցներով, որոնք կուտակում են կոնտրաստ նյութ: Չարորակացման վտանգը կազմում է մինչև 33%:

Բոսնիակ IV երիկամի կիստաներ:

Դիտվում է չարորակացած կիստոզ զանգված, որը ունի նույն չափանիշները ինչ-որ Բոսնիակ III – ը և պարունակում է փափուկ հյուսվածքային բաղադրիչ կոնտրաստ նյութի կուտակմամբ: Չարորակացման վտանգը կազմում է մինչև 92.5%:

Բոսնիակ III և IV կիստաները ենթակա են հեռացման, որոնց ժամանակ կատարվում է երիկամի մասնահատում կամ երիկամի հեռացում: Այս հիվանդները ունենում են բավականին լավ քաղցկեղ կախյալ ապրելիություն:

Երիկամների կիստաների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածում:

Երիկամների կիստաների դասակարգումը ըստ Բոսնիակի
3203 դիտում
363