medroom.am

Երիկամի քարերի հեռահար քարափշրում

Հեռահար քարափշրումը կամ արտամարմնային հեռահար հարվածալիքային քարափշրումը երիկամների քարերի փշրման ոչ վիրահատական եղանակ է: Այս մեթոդի ժամանակ կիրառվում է բարձր էներգիա երիկամի քարերի փշրման նպատակով: Երիկամի քարի փշրված մանր բեկորները կարող են մարմնից ինքնուրույն դուրս գալ միզուղիների միջոցով:

Երիկամներում առաջացող քարերի զգալի մասը ինքնուրույն դուրս են գալիս միզուղիներով, սակայն որոշ դեպքերում մնալով երիկամում կարող են վերածվել մեծ քարերի, կամ անցնելով միզածորան կարող են առաջացնել մեզի արտահոսքի խանգարում: Այն դեպքերում, երբ քարը խանգարում է երիկամից մեզի դուրս բերմանը, կարող են առաջանալ սուր ցավեր գոտկային, որովայնային և աճուկային շրջաններում (Երիկամային խիթ): Հեռահար քարափշրման միջոցով հնարավոր է քարը փշրել և վերականգնել երիկամից մեզի արտահոսքը:

Ե՞րբ է խարհուրդ տրվում կատարելու երիկամի քարերի հեռահար քարափշրում:

Երիկամի քարերի փշրման եղանակի ընտրությունը կախված է մի շարք հանգամանքներից՝

- Քարի չափերից (5 – 20մմ չափի քարեր):

- Քարի տեղակայությունըից:

- Քարի ձևից:

- Քարի խտությունից:

- Քարերի քանակից:

Երիկամի քարերի փշրման ժամանակ նաև հաշվի է առնվում միզածորանի վիճակը՝ արդյո՞ք առկա է միզածորանի նեղացում, թե՞ ոչ: Եթե առկա է ավազան – միզածորանային սեգմենտի նեղացում, ապա խորհուրդ է տրվում միաժամանակ կատարելու ավազան – միզածորանային սեգմենտի պլաստիկա և քարերի հեռացում: Հակառակ դեպքում փշրված քարերը կարող են դուրս չգալ միզածորանի նեղացման պատճառով:

Քարափշրման եղանակի ընտությունը կախված է նաև զուգակցված առողջական այլ խնդիրներից և մարմնակազմության առանձնահատկություններից:

Ո՞ր դեպքերում է հակացուցված կատարելու երիկամի քարի հեռահար քարափշրում:

Երիկամի քարի հեռահար քարափշրման հակացուցումներն են՝

- Որովայնային աորտայի անևրիզմա:

- Արյան մակարդելիության համակրագի հիվանդություններ (Օր. հեմոֆիլիա):

- Հակամակարդիչ դեղամիջոցների օգտագործումը:

- Միզային համակարգի ինֆեկցիոն պրոցես:

- Երիկամի քաղցկեղ:

- Երիկամային անբավարարություն:

- Ողնաշարի որոշակի դեֆորմացիաներ:

- Դեղորայքային կարգավորման չենթարկվող բարձր զարկերակային ճնշում:

Երիկամի քարերի հեռահար քարափշրումից առաջ ինչպե՞ս է ընթանում նախապատրաստական շրջանը:

Երիկամի քարերի հեռահար քարափշրումից առաջ կատարվում են արյան և մեզի լաբորատոր քննություններ անհրաժեշտ ծավալով: Եթե լաբորատոր հետազոտություններով դիտվում է բորբոքային պատկեր կամ արյան մեջ կրեատինինի ցուցանիշի բարձրացում, ապա անհրաժեշտ է կատարել միզածորանի ստենտավորում: Ցուցանիշների կարգավորումից հետո միայն թույլատրելի է կատարել երիկամի կամ միզածորանի քարի հեռահար քարափշրում:

Որոշ դեղամիջոցների ընդունման դադարեցում՝ Օր. Հակամակարդիչներ: Քանի որ ընդունման դեպքում մեծանում է արյունահոսությունների վտանգը:

Հեռահար քարափշրումից մի քանի ժամ առաջ պետք է դադարեցնել սննդի և հեղուկի ընդունումը:

Ինչպե՞ս է կատարվում երիկամի քարի հեռահար քարափշրումը:

Երիկամի քարերի հեռահար քարափշրումների մեծ մասը կատարվում է միջմկանային կամ ներերակային ցավազրկմամբ: Հազվադեպ կարող է կատարվել նաև ընդհանուր կամ ողնուղեղային անզգայացման ներքո:

Երիկամի քարերի քարափշրման գործողությունը կատարվում է սեղանին պառկած դիրքում: Հիվանդին հպվում է հեղուկով լցված մեմբրանա, որի միջով անցնում են հարվածային ալիքները:

Գործողությունից առաջ ռենգեն և սոնոգրաֆիկ սարքավորումների միջոցով թիրախավորվում է քարը և համաձայնեցվում շնչառության հետ:

Հեռահար քարափշրումը սկսվում է ցածր ուժգնության իմպուլսներով և աստիճանաբար ուժը և հաճախությունը ավելացվում է:

Որքա՞ն է տևում հեռահար քարափշրման սեանսը:

Հեռահար քարափշրման գործողությունը միջինը տևում է 1 ժամ, որից հետո 1 – 2 ժամ հիվանդը դեռ մնում է հիվանդանոցում մինչև դուրս գրվելը:

Ի՞նչ առավելություն ունի հեռահար քարափշրումը:

Հեռահար քարափշրումը առանց ներխուժելու միջամտություն է, որը ունի բավարար արդյունավետություն երիկամի և միզածորանի քարերի փշրման համար:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ երիկամի քարի հեռահար քարափշրման արդյունքում:

Եթե երիկամի քարի հեռահար քարափշրումից առաջ հիվանդը նախապատրաստված է լինում պատշաճ կերպով, ապա բարդությունների հավանականությունը մինիմալ է: Այնուամենայնիվ որոշ դեպքերում կարող են դիտվել՝

- Միզածորանի խցանում փշրված քարի բեկորներով:

- Արյունահոսություն, հեմատոմա:

- Միզային ինֆեկցիա:

Որքան է տևում վերականգման շրջանը երիկամի քարի հեռահար քարափշրումից հետո:

Երիկամի քարերի հեռահար քարափշրումից հետո մի քանի օրից բուժառուն կարող է վերդառնալ սովորական կենսակերպի, սակայն կարող են դիտվել որոշակի հետքային երևույթներ՝

- Որոշակի ցավոտություն համապատասխան կողմի գոտկային շրջանում:

- Չափավոր քանակի արյունամիզություն:

- Ցավոտ միզարձակում:

Հեռահար քարափշրումից որքա՞ն ժամանակ անց է դիտվում քարի բեկորների արտահոսք:

Հեռահար քարափշրման սեանսից հետո քարերի կամ ավազահատիկների արտահոսք կարող է դիտվել նույն օրը կամ մոտակա օրերի ընթացքում: Հիվանդին նշանակվում են միզածորանը լայնացնող դեղամիջոցներ, որոնք հեշտացնում և արագացնում են այդ գործընթացը:

Քարի մանր բեկորները հեշտությամբ դուրս են գալիս, սակայն խոշոր բեկորների դեպքում կարող են դիտվել ցավեր: Եթե միզածորանը խցանվում է քարի խոշոր բեկորով և առաջացնում բարդություններ՝ սուր ցավեր, որոնք չեն հանգստանում ցավազրկողներով, կամ դիտվում է դող, սարսուր, ջերմության բարձրացում, ապա կարիք է լինում կատարելու միզածորանի ստենտավորում:

Որքանո՞վ է արդյունավետ երիկամիների քարերի հեռահար քարափշրումը:

Երիկամների քարերի փոշրումը հեռահար հարվածալիքային քարափշրման եղանակով ունի մինչև 90% արդյունավետություն: Հեռահար քարափշրման արդյունավետությունը կախված է մի շարք հանգամանքներից՝

- Քարի չափերից:

- Քարի տեղակայությունից:

- Քարի տեսակից (կարծրությունից):

- Հիվանդի մարմնի կառուցվածքային առանձնահատկություններից:

Ի՞նչ խորհուրդներ են տրվում հեռահար քարափշրումից հետո:

Հեռահար քարափշրումից հետո հիվանդին նշանակվում են համապատասխան դեղամիջոցներ:

Խորհուրդ է տրվում ընդունել մեծ քանակությամբ հեղուկ:

Մեզի հետ դուրս եկած քարի բեկորները հավաքել և պահել քարի որակական հետազոտության նպատակով:

Խուսափել ֆիզիակական աշխատանքներից, քանի որ կարող են առաջանալ լուրջ բարդություններ՝ այդ թվում շուրջերիկամային հեմատոմա:

Ի՞նչ կարելի է անել, եթե հեռահար քարափշրումը արդյունավետ չէ:

Եթե երիկամի կամ միզածորանի քարի փշրման արդյունքը գոհացուցիչ չէ նույնիսկ կրկնակի քարափշրումներից հետո, ապա առաջարկվում է քարի էնդոսկոպիկ քարափշրում:

Երիկամի քարի փշրում, հեռահար քարափշրում, լիտոտրիպսիա
1057 դիտում
7