medroom.am
Սեռավարակները համարվում են առողջապահական համակարգի լուրջ խնդիրներից: Աշխարհում տարեկան հայտնաբերվում են սեռավարակների 333 միլիոն դեպք: Այս դեպքերից քիչ մաս չեն կազմում անալ սեռական հարաբերությամբ պայմանավորված վարակները:
Անալ հատվածի վարակները սովորաբար առաջանում են անալ սեռական հարաբերության արդյունքում, սակայն որոշ դեպքերում կարող են լինել տարածում սեռական օրգանների վարակի դեպքում: Թեև անալ վարակների մեծ մասը հանդիպում են հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ, սակայն քիչ չեն նաև հետերոսեքսուալ կողմնորոշման մարդկանց մոտ:
Ի՞նչ գանգատներ կարող են դիտվել անալ շրջանի վարակների դեպքում:
Անալ վարակները հաճախ կարող են ընթանալ առանց որևէ դրսևորման, որը դժվարացնում է ախտորոշումը:
Անալ սեռական հարաբերության ժամանակ առաջացած վարակների դեպքում կարող են դիտվել հետևյալ գանգատները՝
- Ցավ հետանցքի շրջանում
- Կղազատման կեղծ ցանկություն
- Կղազատման անզուսպ ցանկություն
- Հետանցքից թարախային արտադրություն
- Արյունահոսություն
Հաճախ հանդիպող ախտահարումներից են՝ հետանցքի շրջանում խոցոտումներ, ցանավորումներ, կոնդիլոմաներ, ուղիղ աղու բորբոքում:
Անալ վարակների դեպքում հաճախ դիտվում է զուգակցված վարակ ՄԻԱՎ – ի հետ: Հաստատվել է, որ գոնորեայով կամ սիվիլիսով անալ շրջանի ախտահարումը բարենպաստ պայմաններ է ստեղծում ՄԻԱՎ – ի փոխանցման համար:
Այս շրջանի վարակները խմբավորվում են նաև ըստ ախտահարման զոնայի՝
Ռեկտալ հատվածի առավել հաճախ հանդիպող վարակներ՝ Neisseria gonorrhoeae, Chlamydia trachomatis, Treponema pallidum, Herpes simplex virus., HPV:
Կոլոռեկտալ շրջանի վարակներ՝ Entamoeba histolytica, Campylobacter spp., Salmonella spp., Shigella spp., Cytomegalovirus (CMV):
Հերպես վիրուս և անալ սեռական հարաբերություն:
Հերպեսի վիրուսը լայն տարածված վիրուս է: Հերպես վիրուսի առաջին ենթատեսակը, որը գերազանցապես ախտահարում է բերանի և աչքերի շրջանը, կազմում է անալ հատվածի հերպեսով ախտահարումների 30% - ը: Իսկ հերպեսով ախտահարումների մնացած մասը պայմանավորված է երկրորդ տիպի հերպեսի վիրուսով:
Հերպեսի վիրուսով անալ հատվածի ախտահարման ժամանակ կարող են դիտվել անալ շրջանի ցավեր, քոր, տենեզմաներ, դժվարամիզություն, տենդ, աճուկային ավշային հանգույցների ախտահարում, բշտիկային ցանավորում, որոնք այնուհետև վեր են ածվում խոցոտված մակերեսի:
Անալ շրջանի հերպեսի ախտորոշման առավել ճշգրիտ մեթոդ է քսուկի ՊՇՌ հետազոտությունը:
Բուժումը կատարվում է համապատասխան դեղամիջոցների օգնությամբ:
Մարդու պապիլոմավիրուս և անալ սեռական հարաբերություն:
Մարդու պապիլոմավիրուսը ԱՄՆ – ում ամենահաճախ հանդիպող սեռավարակներից է և լայն տարածում ունի ողջ աշխարհում: Հայտնաբերվել են մարդու պապիլոմավիրուսի 120 տեսակ, որոնցից առավել հաճախ հանդիպող 6 և 11 տեսակները առաջացնում են բարորակ կոնդիլոմաներ, իսկ 16 և 18 տեսակները՝ ուռուցքային կամ քաղցկեղային ախտահարումներ: Մարդու պապիլոմավիրուսով անալ շրջանի ախտահարումները հաճախ զուգակցվում և պայմանավորված են լինում ՄԻԱՎ վարակով: Անալ սեռական հարաբերությունը մարդու պապիլոմավիրուսի անալ ախտահարման հիմնական պատճառն է, սակայն կանանց մոտ կարող է հեշտոցից անցնել դեպի հետանցք: Պահպանակների օգտագործումը պաշտպանիչ է, սակայան եթե ախտահարման զոնան պահպանակի ծածկույթից դուրս է, ապա կարող է փոխանցվել:
Մարդու պապիլոմավիրուսի անալ ախտահարումները կարող են դրսևորվել հետանցքից արյունային կամ բորբոքային արտադրությամբ, քորով, այրոցով: Անոսկոպիայի ժամանակ առավել հաճախ հայտնաբերվում են կոնդիլոմաներ:
Ախտորոշման համար կատարվում է ՊՇՌ հետազոտություն: Իսկ հեռացված գոյացությունը ուղարկվում է հյուսվածքաբանական հետազոտության գոյացության բնույթը որոշելու համար:
Գոնորեա և անալ սեռական հարաբերություն:
Գոնորեայի հարուցիչը Neisseria gonorrhea – ն է: Այն նույնպես դասվում է լայն տարածում գտած սեռավարակների շարքին:
Այն փոխանցվում է հիվանդի հետ անալ սեռական հարաբերության արդյունքում: Սկայն գոնորեայով հիվանդ կանանց մինչև 30% - ի մոտ դիտվում է հեշտոցից անցում դեպի անալ շրջան:
Գոնորեայով անալ շրջանի ախտահարումների մինչև 80% դեպքերը ընթանում են առանց ախտանշանների: Այնուամենայնիվ կարող են դիտվել նաև հետանցքից արյունային կամ թարախային արտադրություն, այրոց, քոր, կղազածման կեղծ ցանկություն:
Ախտորոշումը կատարվում է անալ հատվածից քսուկի ՊՇՌ հետազոտության միջոցով:
Բուժումը դեղորայքային է:
Խլամիդիա և անալ սեռական հարաբերություն:
Խլամիդիայով հիվանդների մինչև 53% - ի մոտ հայտնաբերվել է անալ ախտահարում:
Մեծամասամբ խլամիդիայի անալ ախտահարման ժամանակ գանգատներ չեն դիտվում, սական կարող են դիտվել նաև անալ հատվածի կարմրություն, խոցոտում, ուղիղ աղու բորբոքում, թարախային կամ արյունային արտադրություն հետանցքից, խուղակների առաջացում, հազվադապ պերիանալ թարախակույտ:
Ախտորոշումը կատարվում է անալ շրջանի քսուկի ՊՇՌ հետազոտության միջոցով:
Խլամիդիայի անալ ախտահարման դեպքերի մեծ մասի բուժումը դեղորայքային է:
ՄԻԱՎ վարակ և անալ սեռական հարաբերություն:
ՄԻԱՎ վարակի անալ շրջան փոխանցման հիմնական ճանապարհը անալ սեռական հարաբերությունն է: Այս դեպքերում հիմնականում անալ հատվածում կարող է դիտվել կոնդիլոմաներ, խոցոտումներ, հեմոռոիդալ ախտահարումներ, խուղակներ, աբսցեսներ, նորագոյացություններ, հետանցքից արյունային արտադրություն:
Ախտորոշումը կատարվում է ՄԻԱՎ տեստի միջոցով:
Բուժումը ՄԻԱՎ վարակի հիմնական սխեմայի միջոցով:
Ամփոփելով վերոնշյալը կարելի է եզրակացնել, որ անալ սեռական ճանապարհով կարող են փոխանցվել ամենահայտնի սեռավարակների մեծ մասը: Վերջին տարիներին այլասեռված սեռական հարաբերությունների տարածումը հանգեցրել է վերոնշյալ խնդիրների: