medroom.am

Ամորձու սուր բորբոքում (սուր օրխիտ)

Սուր օրխիտը կամ ամորձու սուր բորբոքումը փոշտի սուր ցավերի պատճառների մեջ կազմում է 10% - ը, սուր օրխո-էպիդիդիմիտը (ամորձու և մակամորձու բորբոքումը)՝ 28% - ը, իսկ սուր էպիդիդիմիտը (մակամորձու բորբոքումը)՝ 29% - ը: Ամորձու սուր բորբոքումը դիտվում է միջինը 45տ տարիք ունեցող տղամարդկանց մոտ:

Որո՞նք են սուր օրխիտի առաջացման պատճառները:

Ամորձու սուր բորբոքումը պայմանականորեն բաժանվել է երեք ենթատեսակի՝

Ամորձու սպեցիֆիկ բորբոքում:

Ամորձու վիրուսային բորբոքում:

Ամորձիների աուտոիմուն բորբոքում:

Ամորձու սպեցիֆիկ բորբոքման պատճառներն են E.coli (աղիքային ցուփիկ), Pseudomonas (կապտաթարախածին ցուփիկ), Treponema pallidum (Սիֆիլիսի հարուցիչը), Brucella (Բրուցելյոզի հարուցիչը), Candida՝ Կանդիդա ցեղի սնկերը:

Սպեցիֆիկ բորբոքում կարող է առաջանալ նաև սեռավարակների արդյունքում, որոնցից առավել հաճախ հանդիպում են Խլամիդիայի և Գոնորեայի հարուցիչները: Եթե հիվանդի մոտ առկա է իմունային համակարգի անբավարարություն, ապա ամորձու սուր բորբոքում կարող են առաջացնել նաև Ցիտոմեգալովիրուսի, Գարդներելլայի, Ուրեապլազմայի, Միկոպլազմայի հարուցիչները:

Վիրուսային ծագման ամորձու բորբոքման ամենահաճախ հանդիպող հարուցիչը համաճարակային պարօտիտն է (՚՚խոզուկի՚՚ հարուցիչը): Այս դեպքում առաջանում է ամորձու ինչպես նաև մակամորձու բորբոքում, որը մինչև 50% դեպքերում կարող է բերել ամորձու չափերի փոքրացման, և սերմի որակի խիստ վատթարացման:

Մյուս վիրուսները, որոնք կարող են բերել ամորձու բորբոքման հետևյալն են՝ ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս), ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հարուցիչը (Epstein-Barr – ի վիրուսը), Հերպեսի վիրուսի 2 – րդ տեսակը և այլն:

Ամորձու բորբոքման տեսակներից է նաև Աուտոիմուն օրխիտը:

Ի՞նչ է ամորձիների աուտոիմուն բորբոքումը:

Աուտոիմուն օրխիտը ամորձիների բորբոքային պրոցես է, որը պայմանավորված է արյան մեջ հակասպերմալ հակամարմինների առկայությամբ:

Աուտոիմուն օրխիտը կարող է լինել առաջնային կամ երկրորդային:

Առաջնային աուտոիմուն օրխիտը ընթանում է առանց գանգատների, սակայն հիվանդի սերմի մեջ հայտնաբերվում են հակասպերմալ հակամարմիններ:

Երկրորդային աուտոիմուն օրխիտը կարող է առաջանալ մի շարք համակարգային հիվանդությունների ժամանակ՝ Առաջնային վասկուլիտ, Բեխչետի հիվանդություն, Շենլեյն-Հենոխի հիվանդություն:

Այս դեպքում ամորձու հյուսվածքը պաշտպանող թաղանթը (հեմատոտեստիկուլյար բարիեր) բորբոքվում է. T բջիջներով միջնորդված ակտիվանում է նախաբորբոքային ցիտոկինների արտադրությունը՝ IFN-g, IL-1, IL-6, IL-12, IL-17, IL-23, և արդյունքում արտադրվում են հակասպերմալ հակամարմիններ, որոնք ամորձու հյուսվածքում ունենում են քայքայիչ ազդեցություն: Արդյունքում տուժում է սերմի որակը, որը կարող է բերել անպտղության:

Ի՞նչ գանգատներ են դիտվում ամորձու սուր բորբոքման ժամանակ:

Ամորձու սուր բորբոքման ժամանակ հիվանդի մոտ կարող են դիտվել՝

- Սուր ցավեր փոշտի շրջանում:

- Փոշտի համապատասխան կողմը այտուցված, մեծացած, գերզգայուն:

- Ջերմության բարձրացում:

Ինչպե՞ս է ախտորոշվում ամորձու սուր բորբոքումը:

Ցանկացած հիվանդության ախտորոշման առաջին փուլը սկսվում է հիվանդության պատմությունից՝ ի՞նչ գանգատներ ունի հիվանդը, ե՞րբ են սկսվել հիվանդի գանգատները, արդյո՞ք մանկական հասակում հիվանդը տարել է էպիդեմիկ հարականջաբորբ (՚՚խոզուկ՚՚), ի՞նչ զուգակցված հիվանդություններ ունի հիվանդը և այլն:

Մարմնի զննման ժամանակ կարող է դիտվել ամորձու չափերի մեծացում, ամորձին շոշափման ժամանակ խիստ ցավոտ, հյուսվածքը փափկացած:

Մեզի բակտերիոլոգիական քննություն – ամորձու սուր բորբոքման կասկածով բոլոր հիվանդրին անհրաժեշտ է կատարել մեզի ցանքս, քանի որ 75% դեպքերում հնարավոր է լինում մեզում հայտնաբերել ամորձու բորբոքում առաջացրած հարուցիչը:

Եթե հիվանդի մոտ սեռավարակներով վարակվածության կասկած կա, ապա նաև պետք է ստուգել սեռավարակները:

Գերձայնային հետազոտություն:

Առողջական ին՞չ խնդիրներից պետք է տարբերակել ամորձու սուր բորբոքումը:

Ամորձու սուր բորբոքման ժամանակ անհրաժեշտ է կատարել փոշտի գերձայնային հետազոտություն, քանի որ վերոնշյալ գանգատները կարող են դիտվել նաև հետևյալ խնդիրների դեպքում՝

- Մակամորձու սուր բորբոքում:

- Ամորձու ոլորում:

- Ամորձու քաղցկեղ (նորագոյացություն):

- Ամորձու թարախակույտ:

- Հիդրոցելե (ամորձու ջրգողություն):

Ինչպե՞ս է բուժվում ամորձու սուր բորբոքումը:

Ամորձու սուր բորբոքման ժամանակ նշանակվում է լայն սպեկտրի հակաբակտերիալ դեղամիջոց մինչև մեզի բակտերիոլոգիական քննության պատասխանը, քանի որ վերջինս տևում է մի քանի օր:

Եթե հիվանդի մոտ հայտնաբերվում է սեռավարակ, ապա նշանակվում է համապատասխան բուժում:

Էպիդեմիկ հարականջաբորբի դեպքում նշանակվում է ինտերֆերոն:

Եթե հիվանդի մոտ ախտորոշվել է ամորձիների աուտոիմուն բորբոքում, ապա նշանակվում են կորտիկոստերոիդներ, իմունաճնշիչ դեղամիջոցներ:

Ամորձու սուր բորբոքման բուժման ժամանակ պետք է սպասել մինչև 3 օր, որի ընթացքում սուր ցավերը և բարձր ջերմությունը պետք է անցնեն: Եթե հիվանդը շարունակում է բարձր ջերմել, կամ սուր ցավերը չեն վերանում ապա հնարավոր է կարիք լինի վիրահատական միջամտության և ամորձու հեռացման: Մնացած դեպքերում թույլ ցավերը, այտուցվածությունը դեռ որոշ ժամանակ կարող են պահպանվել և տևել մինչև 1 ամիս:

Ամորձու բորբոքում (սուր օրխիտ)
3825 դիտում
398