medroom.am
Քանի որ ամորձիները գտնվում են փոշտում ամորձիների քրոնիկ ցավը կամ օրխիալգիան նաև կոչվում է փոշտի քրոնիկ ցավային համախտանիշ:
Ամորձիների քրոնիկ ցավը կարող է լինել մշտական կամ պարբերաբար կրկնվող, որի տևողությունը երեք ամսից ավել է: Կարևոր ցուցանիշներից մեկը նաև այն է, որ ցավը պետք է տեղակայված լինի միայն փոշտի կամ աճուկափոշտային շրջանում: Եթե ցավը ճառագայթում է կոնքից դեպի փոշտ, ապա գնահատվում է որպես քրոնիկ պրոստատիտ/քրոնիկ կոնքային ցավի համախտանիշ:
Ուրոլոգիական կլինիկաների այցերի 2,5 – 4,5% - ը կազմում են ամորձիների քրոնիկ ցավով հիվանդները: Այս հիվանդների գերակշռող մասը 20 – 30 տարեկան են:
Որո՞նք են ամորձիների քրոնիկ ցավի առաջացման պատճառները:
Ամորձիների քրոնիկ ցավերի առաջացման պատճառները բազմազան են:
Վազէկտոմիայից հետո հիվանդների մինչև 30% - ի մոտ կարող է դիտվել ամորձիների քրոնիկական ցավ կարճատև ժամանակով՝ մի քանի շաբաթ: Սակայն հիվանդների մինչև 15% - ի մոտ ամորձիների ցավերը կարող են շարունակվել 3 ամսից ավելի:
Աճուկային ճողվածքի վիրահատություններից հետո 14 – 18% դեպքերում դիտվում է ամորձիների քրոնիկական ցավ:
Վարիկոցելեի վիրահատությունից հետո կամ վարիկոցելեի հետևանքով նույնպես կարող է դիտվել ամորձու քրոնիկական ցավ:
Ցավ ամորձիների շրջանում կարող է լինել նաև հետևյալ դեպքերում՝
Միզածորանի ստորին կամ միջին երրորդականի քար:
Աորտայի կամ զստային զարկերակների անևրիզմա:
Փոշտի տրավմա:
Շուրջնևրալ ֆիբրոզ:
Կոնքի հատակի դիսֆունկցիա:
Ամորձիների քրոնիկ ցավերի 25% - ը իդիոպաթիկ են՝ պատճառը հնարավոր չի լինում հայտնաբերել:
Ամորձիների խրոնիկ ցավերի առաջացման մեխանիզմներում մինչև 84% դեպքերում հայտնաբերվում է ներվերի Վալլերիան դեգեներացիա: Ամորձու խրոնիկ ցավի մեխանիզմներում նաև մեծ դեր է խաղում կալցիտոնին գեն-կախյալ պեպտիդը (CGRP), քանի որ նման հիվանդների մոտ սերմնալարում հայտնաբերվել են CGRP դրական ներվեր:
Ամորձու գրանուլոմատոզ բորբոքումը որպես ամորձու քրոնիկ ցավի պատճառ:
Գրանուլոմատոզ օրխիտի ժամանակ ամորձիներում հայտնաբերվում են գրանուլոմատոզ բորբոքման նշաններ: Ամորձու գարնուլոմատոզ բորբոքման պատճառները բազմազան են՝
Տուբերկուլյոզ
Բրուցելոզ
Ակտինոմիկոզ
Սիֆիլիս
Լեպրոզ
Սարկոիդոզ
Որոշ դեպքերում ամորձու գրանուլոմատոզ բորբոքման պատճառը հնարավոր չի լինում պարզել: Այդ դեպքերում ամորձում դիտվում է ոչ սպեցիֆիկ գրանուլոմատոզ բորբոքային պրոցես:
Ախտորոշումը սովորաբար կատարվում է ամորձու հեռացումից հետո հյուսվածքաբանական քննության արդյունքում, քանի որ գրանուլոմատոզ օրխիտի դեպքում գերձայնային հետզոտությամբ պատկերը շատ նման է ամորձու քաղցկեղի:
Ինչպե՞ս է ախտորոշվում ամորձիների քրոնիկ ցավը:
Նախ պետք է հիշել սահմանումը՝ Ամորձիների քրոնիկ ցավը դա այն ցավն է, որը տեղակայված է փոշտի կամ աճուկափոշտային շրջանում և տևում է երեք ամսից ավելի:
Հիվանդին պետք է հարցնել արդյոք ունեցել է ամորձու կրկնվող ոլորման դեպքեր, կամ արդյո՞ք ունեցել է ամորձու կամ մակամորձու սուր բորբոքային պրոցես:
Արդյո՞ք հիվանդի աղիները գործում են նորմալ: Փորկապության կամ լուծի դեպքերում պետք է մտածել աղիների գրգռման համախտանիշի մասին:
Արդյո՞ք հիվանդը ունի ողնաշարի խնդիր, քանի որ որոշ դեպքերում ցավը կարող է դիտվել ամորձիների շրջանում:
Ապացուցվել է, որ ամորձիների քրոնիկ ցավերով հիվանդների արյան հետազոտությամբ դիտվել է տեստոստերոնի կամ վիտամին Դ – ի մակարդակի նվազում:
Մեզի և սերմի քննության միջոցով կարելի է հայտնաբերել բորբոքային պրոցես և այն առաջացնող հարուցիչները:
Ամորձիների քրոնիկ ցավով հիվանդներին անհրաժեշտ է կատարել փոշտի դոպլեր հետազոտություն:
Եթե միզածորանում քարի կասկած կա, ապա անհրաժեշտ է կատարել միզուղիների համակարգչային շերտագրում կոնտրաստավորումով:
Ինչպե՞ս է բուժվում ամորձիների քրոնիկ ցավը:
Ամորձիների քրոնիկ ցավերի դեղորայքային բուժում՝
Եթե հետազոտության արդյունքում հայտնաբերվում է ինֆեկցիա, ապա նշանակվում է համապատասխան բուժում:
Ցավերի մեղմացման նպատակով նշանակվում է հակաբորբոքիչ բուժում:
Որոշ դեպքերում հնարավոր է կարիք լինի նշանակել եռցիկլիկ հակադեպրեսանտներ:
Եթե դեղորայքային բուժումը անարդյունավետ է կամ ոչ բավարար արդյունավետ, ապա կատարվում է սերմնալարի բլոկադա:
Ամորձիների քրոնիկ ցավերի վերացման համար նաև կատարվում է սերմնալարի միկրովիրաբուժական դեներվացիա: